Հոդված 22. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 22. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի առաջնությունը որոշվում է հայտը գերատեսչություն ներկայացնելու թվականով: Գերատեսչությունը հայտի ներկայացման թվականը սահմանում է հայտն ստանալու թվականով, եթե`
1) գյուտի (օգտակար մոդելի) հայտն առնվազն պարունակում է հայտատուի անունը (անվանումը), դիմում` արտոնագիր տալու մասին, գյուտի (օգտակար մոդելի) հավակնության սահմանում և նկարագրություն համարվող նյութերը.
2) արդյունաբերական նմուշի հայտն առնվազն պարունակում է հայտատուի անունը (անվանումը), դիմում` արտոնագիր տալու մասին, արդյունաբերական նմուշի լուսանկարներ և նկարագրություն համարվող նյութերը:
2. Առաջնությունը կարող է որոշվել առաջին հայտն արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիային մասնակից որևէ պետություն ներկայացնելու թվականով (կոնվենցիայով առաջնություն), եթե գյուտի և օգտակար մոդելի հայտը գերատեսչություն է ներկայացվել նշված թվականից 12 ամսվա ընթացքում, իսկ արդյունաբերական նմուշի հայտը` 6 ամսվա ընթացքում: Կոնվենցիայով առաջնության իրավունքից օգտվելու ցանկության մասին հայտատուն պարտավոր է նշել հայտը ներկայացնելիս կամ գերատեսչության կողմից դա ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում` կցելով առաջին հայտի պատճենը, կամ ներկայացնել դա` հայտը գերատեսչություն ներկայացնելու օրվանից 3 ամսվա ընթացքում:
3. Առաջնությունը կարող է որոշվել լրացուցիչ նյութերն ստանալու թվականով, եթե դրանցով ձևակերպված նոր հայտը ներկայացվել է 3 ամսվա ընթացքում` սկսած այն ծանուցագրի ներկայացման օրվանից, որով հայտատուն տեղեկացվել է, որ սկզբնական հայտի նյութերում նկարագրված լուծման էությունը փոփոխելու պատճառով լրացուցիչ նյութերը հաշվի չեն առնվելու:
4. Առաջնությունը կարող է որոշվել նույն հայտատուի ավելի վաղ ներկայացրած նույն գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի էությունը բացահայտող հայտի ներկայացման թվականով, եթե հայտը, որով պահանջվում է այդպիսի առաջնություն, գերատեսչությունն ստացել է ավելի վաղ ներկայացված հայտի գրանցման օրվանից սկսած 12 ամսվա ընթացքում: Այդ դեպքում ավելի վաղ ներկայացված հայտը համարվում է հետ կանչված:
5. Առաջնությունը կարող է որոշվել ավելի վաղ ներկայացված հայտերով` յուրաքանչյուրի նկատմամբ պահպանելով սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգը:
6. Հայտի առաջնությունը չի կարող որոշվել այն հայտի ներկայացման թվականով, որով արդեն պահանջվել է ավելի վաղ առաջնություն:
7. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի, որի հայտը ներկայացվել է սկզբնական հայտից դա առանձնացնելու հետևանքով (զատված հայտ), առաջնությունը որոշվում է սկզբնական հայտի ստացման թվականով, եթե զատված հայտը ներկայացվել է մինչև սկզբնական հայտով արտոնագիր չտալու մասին որոշման ընդունումը, իսկ արտոնագիր տալու մասին որոշման դեպքում` ոչ ուշ, քան արդյունաբերական սեփականության օբյեկտի պետական գրանցումը:
8. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ նույնական գյուտերը, օգտակար մոդելները, արդյունաբերական նմուշներն ունեն առաջնության միևնույն թվականը, ապա արտոնագիրը կարող է տրվել այն հայտով, որն ունի գերատեսչությանն ուղղված ավելի վաղ առաքման թվականի ապացույց: Այդ թվականները համընկնելու դեպքում, հայտատուների համաձայնությամբ, նրանց տրվում է մեկ արտոնագիր: Համաձայնության չգալու դեպքում հարցը լուծվում է դատական կարգով: