Հոդված 30. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՀԱՅՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 30. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՀԱՅՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Արդյունաբերական նմուշի հայտի փորձաքննությունը գերատեսչությունն անցկացնում է դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում` սույն հոդվածի և իր սահմանած կարգի համաձայն:
2. Փորձաքննության ընթացքում ստուգվում է հայտի անհրաժեշտ և սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված փաստաթղթերի առկայությունը, պարզվում է ներկայացված արդյունաբերական նմուշի համապատասխանությունը սույն օրենքի 4 հոդվածի 6-րդ, 7 հոդվածի 6-րդ և 21 հոդվածի 1-ին կետերով սահմանված պահանջներին` առանց արդյունաբերական նմուշի տնտեսական արդյունավետության գնահատման:
3. Եթե փորձաքննության արդյունքում գերատեսչությունը պարզի, որ հայտը համապատասխանում է սահմանված պահանջներին, ապա որոշում է կայացվում արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու մասին:
4. Եթե պարզվի, որ հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա հայտատուին ուղարկվում է հարցում` ուղղված կամ պակաս փաստաթղթերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:
5. Եթե հայտը ներկայացվել է միասնության պահանջի խախտմամբ, ապա հայտատուին առաջարկվում է երկամսյա ժամկետում հայտնել, թե արդյունաբերական նմուշներից որը պետք է քննարկվի, և անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում:
6. Միասնության պահանջի խախտման մասին ծանուցագիրը նշված երկամսյա ժամկետում հայտատուի կողմից անպատասխան թողնվելու դեպքում, քննարկվում է արդյունաբերական այն նմուշը, որը նկարագրության մեջ բերված է առաջինը:
7. Փորձաքննության ընթացքում հայտատուն իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա կարող է, լրացուցիչ նյութեր ներկայացնելով, ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում` չփոփոխելով ներկայացված արդյունաբերական նմուշի էությունը, եթե հայտ ներկայացնելիս նա չի հրաժարվել այդ իրավունքից: Լրացուցիչ նյութերը համարվում են արդյունաբերական նմուշի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են նկարագրության մեջ մտցվելու ենթակա էական հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում: Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված արդյունաբերական նմուշի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում, և հայտատուն դա կարող է ձևակերպել որպես առանձին հայտ:
8. Փորձաքննության հարցմանը համապատասխան լրացուցիչ կամ ճշգրտված նյութերը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված:
9. Եթե փորձաքննության արդյունքում պարզվի, որ ներկայացված արդյունաբերական նմուշը վերաբերում է սույն օրենքի 4 հոդվածի 6-րդ կամ 7 հոդվածի 6-րդ կետերին, ապա որոշում է կայացվում արտոնագիր չտալու մասին:
10. Փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի կրկնական փորձաքննության խնդրանքով դիմել գերատեսչություն: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
11.Կրկնական փորձաքննության արդյունքում գերատեսչությունը կայացնում է որոշում` արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու կամ արդյունաբերական նմուշի արտոնագիր տալը մերժելու մասին:
12. Արտոնագիրը տրվում է հայտատուի պատասխանատվությամբ` առանց դրա իսկության երաշխիքի:
13. Կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել գերատեսչության բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:
14. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:
(30-րդ հոդվածը փոփ., խմբ. 18.11.03 ՀՕ-34-Ն)