Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2005-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 4. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքը պահպանվում է օրենքով և հաստատվում է արտոնագրով:

2. Արտոնագրով հաստատվում են արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման բացառիկ իրավունքը, օբյեկտի առաջնությունը և օբյեկտի նկատմամբ հեղինակությունը:

3. Գյուտի արտոնագիրը գործում է մինչև հայտը ներկայացնելու օրվանից 20 տարին լրանալը, եթե այն տրվել է գյուտի ըստ էության փորձաքննության հիման վրա (հիմնական արտոնագիր), կամ մինչև 10 տարին լրանալը, եթե այն տրվել է առանց գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման (նախնական արտոնագիր), արդյունաբերական նմուշի արտոնագիրը` մինչև 15 տարին, իսկ օգտակար մոդելի արտոնագիրը` մինչև 10 տարին լրանալը:

3.1. Արտոնագրված գյուտի օբյեկտ համարվող դեղագործական պատրաստուկներին, նյութերին կամ բաղադրանյութերին, որոնք ունեն մարդու կամ կենդանիների վրա կանխարգելիչ կամ բուժական ներգործության հատկություններ, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերին, դրանց ստացման եղանակներին, ինչպես նաև այդ պատրաստուկների, նյութերի կամ բաղադրանյութերի արտադրության համար անհրաժեշտ նյութերին և դրանց ստացման եղանակներին կարող է տրամադրվել լրացուցիչ իրավական պահպանություն՝ գյուտի հայտի ներկայացման թվականի և այդ օբյեկտը Հայաստանի Հանրապետության շուկայում շրջանառության մեջ մտցնելու համար համապատասխան իրավասու մարմնի կողմից թույլտվություն տալու թվականների միջև ընկած ժամկետով, բայց 5 տարուց ոչ ավելի:

Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը, որին կցվում է սույն կետի 1-ին պարբերությունում նշված իրավասու մարմնի տված թույլտվությունը, գերատեսչություն է ներկայացվում այդ թույլտվության տրման օրվանից վեցամսյա ժամկետում կամ մինչև հիմնական արտոնագիր տալու օրվանից 6 ամիսը լրանալը, եթե նշված թույլտվությունը տրվել է ավելի շուտ, քան հիմնական արտոնագիրը։

4. Գյուտի և օգտակար մոդելի արտոնագրով վերապահված իրավական պահպանության ծավալը որոշվում է դրանց հավակնության սահմանումով, իսկ արդյունաբերական նմուշի արտոնագրով վերապահված իրավական պահպանության ծավալը` իրի (մանրակերտի, նկարի) լուսանկարների վրա արտահայտված և արդյունաբերական նմուշի նկարագրության մեջ թվարկված էական հատկանիշների ամբողջությամբ:

5. Պետության կողմից գաղտնի ճանաչված գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների օգտագործումն ու դրանց մասին տեղեկությունների հրապարակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Իրավական պաշտպանության ենթակա չեն այն գյուտերը, օգտակար մոդելներն ու արդյունաբերական նմուշները, որոնց օգտագործումը հակասում է հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին:

(4-րդ հոդվածը լրաց. 18.11.03 ՀՕ-34-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։