Հոդված 12. Ռոյալթի
Հոդված 12. Ռոյալթի
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող ռոյալթին կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
2. Այնուամենայնիվ, այդպիսի ռոյալթին կարող է հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ այն առաջանում է` այդ պետության օրենքների համաձայն. սակայն եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի.
ա) ռոյալթիի համախառն գումարի 5 տոկոսը` 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված վճարումների դեպքում,
բ) ռոյալթիի համախառն գումարի 10 տոկոսը` 3-րդ կետի «գ» ենթակետում
նշված վճարումների դեպքում:
3. «Ռոյալթի» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է` փոխհատուցման ձևով ստացված ցանկացած տեսակի վճարում՝
ա) ցանկացած համակարգչային ծրագրի, պատենտի, ապրանքային նշանի, նախագծի կամ մոդելի օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար,
բ) ցանկացած գաղտնի բանաձևի կամ գործընթացի օգտագործման կամ օգտագործման իրավունքի կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին (նոուհաու) վերաբերող տեղեկության համար,
գ) գրական, արվեստի կամ գիտական աշխատանքների (ներառյալ կինոնկարների և հեռուստահեռարձակման կամ ռադիոհեռարձակման համար օգտագործվող ֆիլմերը կամ ձայներիզները) ցանկացած հեղինակային իրավունքի օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվի, եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է ռոյալթին, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որի առնչությամբ վճարվում է ռոյալթին, գործնականորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքերում, հանգամանքներից կախված, կկիրառվեն 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:
5. Ռոյալթին համարվում է առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ պետության ռեզիդենտն է: Սակայն երբ ռոյալթի վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որոնց առնչությամբ առաջացել է ռոյալթի վճարելու պարտավորությունը, և այդպիսի ռոյալթիի վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա այդպիսի ռոյալթին կհամարվի առաջացած այն պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:
6. Երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար վճարվող ռոյալթիի գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կկիրառվեն միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը կմնա հարկման ենթակա, յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքների համաձայն, հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները:
7. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվի, եթե որևէ անձի կողմից օգտագործման, իրավունքների առաջացման կամ տեղեկատվության (որոնց կապակցությամբ վճարվել է ռոյալթին) փոխանցման հիմնական նպատակը կամ հիմնական նպատակներից մեկը եղել է այդպիսի առաջացման կամ փոխանցման միջոցով սույն հոդվածի առավելություններից օգտվելը: