Հոդված 5. Մշտական հաստատություն
Հոդված 5. Մշտական հաստատություն
1. Սույն Համաձայնագրի նպատակներով «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է` գործունեության կայուն վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:
2. «Մշտական հաստատություն» տերմինը հատկապես ներառում է.
ա) ղեկավարման վայր,
բ) մասնաճյուղ,
գ) գրասենյակ,
դ) գործարան,
ե) արտադրամաս,
զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների արդյունահանման ցանկացած այլ վայր:
3. Շինարարական հրապարակը կամ շինարարությունը, հավաքման կամ տեղակայման ծրագիրը կազմում են մշտական հաստատություն միայն այն դեպքում, եթե դրանց տևողությունը գերազանցում է ինը ամիսը:
4. Չնայած սույն հոդվածի նախորդ կետերի դրույթներին` «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում.
ա) հարմարությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով,
բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով,
գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակով,
դ) գործունեության կայուն վայրի օգտագործումը ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի` բացառապես գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,
ե) գործունեության կայուն վայրի օգտագործումը ձեռնարկության համար` բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով,
զ) գործունեության կայուն վայրի օգտագործումը բացառապես «ա», «ե» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար` պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության կայուն վայրի համընդհանուր գործունեությունը նախապատրաստական կամ օժանդակ բնույթի է:
5. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին, երբ անձը, որը չի հանդիսանում անկախ կարգավիճակով գործակալ (որին վերաբերում է 6-րդ կետը), գործում է ձեռնարկության անունից և ունի ու սովորաբար օգտագործում է Պայմանավորվող պետությունում այդ ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն, ապա այդ ձեռնարկությունը համարվում է այդ պետությունում մշտական հաստատություն ունեցող` ցանկացած գործունեության նկատմամբ, որն այդ անձն իրականացնում է այդ ձեռնարկության համար, եթե միայն այդ անձի գործունեությունը չի սահմանափակվում 4-րդ կետում նշվածով, որը եթե անգամ իրականացվում է գործունեության կայուն վայրի միջոցով, այդ կետի դրույթների համաձայն, այդ գործունեության կայուն վայրը չի վերածում մշտական հաստատության:
6. Ձեռնարկությունը չի համարվում Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն ունեցող միայն այն պատճառով, որ այդ պետությունում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում բրոքերի, գլխավոր կոմիսիոն գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով` պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:
7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ), ինքնին որևէ ընկերության չի վերածում մյուսի մշտական հաստատության: