Հոդված 11. Տոկոսներ
Հոդված 11. Տոկոսներ
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:
2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ դրանք առաջանում են` այդ պետության օրենքների համաձայն. սակայն եթե տոկոսների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 5 տոկոսը:
3. Անկախ 2-րդ կետի դրույթներից`
ա) Հայաստանում առաջացող տոկոսները ենթակա են հարկման միայն Ֆինլանդիայում, եթե այդ տոկոսները վճարվում են.
i) Ֆինլանդիայի պետությանը կամ իշխանության տեղական մարմնին կամ պետական մարմնին,
ii) Ֆինլանդիայի բանկին,
iii) արդյունաբերական համագործակցության ֆիննական հիմնադրամին (FINNFUND), ֆիննական արտահանման վարկավորմանը կամ «FINNVERA»-ին, որոնք ամբողջությամբ կամ մեծ մասամբ պատկանում են Ֆինլանդիայի պետությանը, կամ ցանկացած այլ հաստատության, որի վերաբերյալ Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները ժամանակ առ ժամանակ կարող են համաձայնության գալ,
բ) Ֆինլանդիայում առաջացող տոկոսները ենթակա են հարկման միայն Հայաստանում, եթե այդ տոկոսները վճարվում են.
i) Հայաստանի պետությանը կամ իշխանության տեղական մարմնին կամ պետական մարմնին,
ii) Հայաստանի կենտրոնական բանկին,
iii) Հայաստանի պետությունում հիմնադրված ցանկացած կազմակերպության, որը նույն բնույթի է, ինչ որ «ա» ենթակետի iii կետում նշվածները, կամ ցանկացած այլ հաստատության, որի վերաբերյալ Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները ժամանակ առ ժամանակ կարող են համաձայնության գալ,
գ) «ա» ենթակետում և «բ» ենթակետում նշված կամ հիշատակված որևէ մարմնի կողմից երաշխավորված վարկերից Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները ենթակա են հարկման միայն այդ մյուս պետությունում:
4. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջից` անկախ հիպոթեքային ապահովումից և անկախ պարտապանի շահույթին մասնակցության իրավունքի առկայությունից, և, մասնավորապես, եկամուտ պետական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու մրցանակները: Ըստ սույն հոդվածի` ժամկետանց վճարման պատճառով կիրառվող տույժերը որպես տոկոսներ չեն դիտարկվում:
5. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և պարտապահանջը, որի առնչությամբ վճարվում են տոկոսները, գործնականորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:
6. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ պետության ռեզիդենտն է: Սակայն երբ տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որոնց առնչությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդ տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա այդ տոկոսները համարվում են առաջացած այն պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:
7. Երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջին վերաբերող` վճարված տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կկիրառվեն միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը կմնա հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքների համաձայն՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները:
8. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվի, եթե որևէ անձի կողմից պարտապահանջի (որի կապակցությամբ վճարվել են տոկոսները) առաջացման կամ փոխանցման հիմնական նպատակը կամ հիմնական նպատակներից մեկը եղել է այդպիսի առաջացման կամ փոխանցման միջոցով սույն հոդվածի առավելություններից օգտվելը: