Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից
Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե այդ ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը վերը նշված ձևով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, ապա ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական հաստատությանը:
2. Հաշվի առնելով 3-րդ կետի դրույթները, եթե Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում այդ մշտական հաստատությանը վերագրվում է այն շահույթը, որը նա կարող էր ստանալ` նույն կամ համանման պայմաններում իրականացնելով նույն կամ համանման գործունեություն` լինելով ինքնուրույն և առանձին ձեռնարկություն և գործելով միանգամայն անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է հանդիսանում:
3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է նվազեցում համարել մշտական հաստատության նպատակների համար կատարված փաստացի ծախսերը, ներառյալ կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, ինչպես այն պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, այնպես էլ այլ վայրերում: Սակայն ոչ մի այդպիսի նվազեցում չի թույլատրվի մշտական հաստատության կողմից ձեռնարկության գլխավոր գրասենյակին կամ նրա որևէ այլ գրասենյակին վճարված գումարների նկատմամբ (այլ կերպ, քան փաստացի կատարված ծախսերի փոխհատուցման ձևով), եթե այդպիսիք կան, արտոնագրերի կամ այլ իրավունքների օգտագործման համար` ռոյալթիների, հոնորարների կամ այլ համանաման վճարումների տեսքով կամ մատուցած հատուկ ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի տեսքով կամ (բացառությամբ բանկերի) մշտական հաստատությանը տրամադրած փոխառության համար տոկոսների տեսքով:
4. Այնքանով, որքանով Պայմանավորվող պետությունում ընդունված է մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշել ձեռնարկության ամբողջ շահույթն իր տարբեր ստորաբաժանումների միջև բաշխելու հիման վրա, 2-րդ կետի ոչ մի դրույթ չի խոչընդոտի այդ Պայմանավորվող պետությանը հարկման ենթակա շահույթը հաշվառել ընդունված բաշխման եղանակի հիման վրա: Այնուամենայնիվ, ընդունված բաշխման եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածում ընդգրկված սկզբունքներին:
5. Ոչ մի շահույթ չի վերագրվի մշտական հաստատությանը այդ մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար բացառապես ապրանքներ կամ արտադրանք գնելու պատճառով:
6. Նախորդ կետերի կիրառման դեպքում մշտական հաստատությանը վերագրվող շահույթը ամեն տարի կորոշվի միևնույն եղանակով, եթե հակառակն անելու համար չկա հիմնավոր և բավարար պատճառ:
7. Երբ շահույթը ներառում է եկամտի այնպիսի տարրեր, որոնց մասին առանձին նշվում է սույն Համաձայնագրի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդի այդ հոդվածների դրույթների վրա: