Հոդված 18
Հոդված 18
1. Առգրավելով կամ այլ կերպով իր հսկողության տակ վերցնելով ռադիոակտիվ նյութերը, սարքերը կամ միջուկային օբյեկտները 2-րդ հոդվածում նշված հանցագործությունը կատարվելուց հետո` այսպիսի առարկաներ իր տրամադրության տակ ունեցող Մասնակից պետությունը`
ա) միջոցներ է ձեռնարկում ռադիոակտիվ նյութը, սարքը կամ միջուկային օբյեկտը վնասազերծելու նպատակով.
բ) ապահովում է, որ ցանկացած միջուկային նյութ պահվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կիրառելի երաշխիքներին համապատասխան, և
գ) հաշվի է առնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից հրապարակված` ֆիզիկական պաշտպանության վերաբերյալ առաջարկությունները և առողջության ու անվտանգության պահպանման ոլորտի ստանդարտները:
2. 2-րդ հոդվածում նշված հանցագործության հետ կապված ցանկացած վարույթի ավարտից հետո կամ ավելի շուտ, եթե դա է պահանջվում միջազգային իրավունքով, համապատասխան Մասնակից պետությունների հետ խորհրդակցություններից հետո (մասնավորապես` վերադարձման ու պահման պայմանների վերաբերյալ) ցանկացած ռադիոակտիվ նյութ, սարք կամ միջուկային օբյեկտ վերադարձվում է այն Մասնակից պետությանը, որին պատկանում է, այն Մասնակից պետությանը, որի քաղաքացին կամ ռեզիդենտն է այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը այդպիսի ռադիոակտիվ նյութը, սարքը կամ միջուկային օբյեկտը տնօրինողն է, կամ այն Մասնակից պետությանը, որի տարածքից դրանք հափշտակվել կամ այլ կերպով ապօրինի ստացվել են:
3. ա) Եթե ներպետական կամ միջազգային իրավունքով Մասնակից պետությանը արգելվում է վերադարձնել կամ ընդունել այդպիսի ռադիոակտիվ նյութ, սարք կամ միջուկային օբյեկտ, կամ եթե այդ մասին պայմանավորվում են համապատասխան Մասնակից պետությունները, ապա ռադիոակտիվ նյութ, սարք կամ միջուկային օբյեկտ տնօրինող Մասնակից պետությունը, սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները պահպանելով, շարունակում է ձեռնարկել սույն հոդվածի 1-ին կետում նշված միջոցները. այդպիսի ռադիոակտիվ նյութերը, սարքերը կամ միջուկային օբյեկտներն օգտագործվում են բացառապես խաղաղ նպատակներով:
բ) Եթե ռադիոակտիվ նյութ, սարքեր կամ միջուկային օբյեկտներ տնօրինող Մասնակից պետության համար դրանք տնօրինելն անօրինական է, ապա այդ պետությունն ապահովում է, որ դրանք հնարավորինս շուտ փոխանցվեն այն պետությանը, որի համար դրանց տնօրինումն օրինական է, և որը անհրաժեշտության դեպքում, սույն հոդվածի 1-ին կետի պահանջներին համապատասխան, այդ պետության հետ խորհրդակցություններ անցկացնելիս երաշխիքներ է ներկայացրել դրանց վնասազերծման համար. այդպիսի ռադիոակտիվ նյութերը, սարքերը կամ միջուկային օբյեկտներն օգտագործվում են բացառապես խաղաղ նպատակներով:
4. Եթե սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված ռադիոակտիվ նյութերը, սարքերը կամ միջուկային օբյեկտները չեն պատկանում Մասնակից պետություններից որևէ մեկին կամ Մասնակից պետության քաղաքացու կամ ռեզիդենտի ու չեն հափշտակվել կամ այլ կերպով ապօրինի ստացվել Մասնակից պետության տարածքից, կամ եթե պետություններից ոչ մեկը, սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, չի ցանկանում ստանալ այդպիսի առարկաներ, ապա, սույն հոդվածի 3.բ կետի դրույթները պահպանելով, շահագրգիռ պետությունների և ցանկացած համապատասխան միջազգային կազմակերպության միջև խորհրդակցություններից հետո առանձին որոշում է ընդունվում այն մասին, թե ինչպես պետք է դրանք տնօրինել:
5. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի նպատակներով` ռադիոակտիվ նյութեր, սարքեր կամ միջուկային օբյեկտներ տնօրինող Մասնակից պետությունը կարող է օգնություն խնդրել մյուս Մասնակից պետություններից, մասնավորապես` համապատասխան Մասնակից պետություններից և համապատասխան ցանկացած միջազգային կազմակերպությունից, մասնավորապես` Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից, ինչպես նաև` համագործակցության առաջարկ անել նրանց: Մասնակից պետություններին և համապատասխան միջազգային կազմակերպություններին խորհուրդ է տրվում, սույն կետին համապատասխան, օգնություն տրամադրել հնարավորությունների առավելագույն չափով:
6. Այն Մասնակից պետությունը, որը, սույն հոդվածին համապատասխան, զբաղվում է ռադիոակտիվ նյութի, սարքի կամ միջուկային օբյեկտի տնօրինմամբ կամ պահպանմամբ, տեղեկացնում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին այն մասին, թե ինչպես է տնօրինվել կամ պահպանվել այդ իրը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենն այդ տեղեկությունները փոխանցում է մյուս Մասնակից պետություններին:
7. Եթե 2-րդ հոդվածում նշված հանցագործության վերաբերյալ տեղեկությունների տարածում է տեղի ունեցել, ապա սույն հոդվածում ոչինչ որևէ կերպով չի շոշափում միջուկային վնասի համար պատասխանատվությունը կարգավորող միջազգային իրավունքի նորմերը և միջազգային իրավունքի այլ նորմերը: