Հոդված 2
Հոդված 2
1. Սույն Կոնվենցիայի իմաստով անձի արարքը համարվում է հանցագործություն, եթե նա ապօրինի և դիտավորյալ`
ա) պահում է ռադիոակտիվ նյութ կամ պատրաստում է սարք կամ պահում է այն`
i) մահ կամ ծանր վնասվածք պատճառելու մտադրությամբ կամ
ii) սեփականությանը կամ շրջակա միջավայրին լուրջ վնաս հասցնելու մտադրությամբ.
բ) օգտագործում է ռադիոակտիվ նյութ կամ սարք ցանկացած ձևով կամ օգտագործում կամ վնասում է միջուկային օբյեկտն այնպես, որ տեղի է ունենում ռադիոակտիվ նյութի արտահոսք, կամ արտահոսքի վտանգ է առաջանում`
i) մահ կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մտադրությամբ կամ
ii) սեփականությանը կամ շրջակա միջավայրին լուրջ վնաս հասցնելու մտադրությամբ կամ
iii) ֆիզիկական կամ իրավաբանական անձին, միջազգային կազմակերպությանը կամ պետությանը որևէ գործողություն կատարելը կամ դրանից զերծ մնալը հարկադրելու մտադրությամբ:
2. Անձի արարքը հանցագործություն է համարվում նաև, երբ նա`
ա) սպառնում է կատարել սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված հանցագործությունը, ընդ որում` երբ կան այդ սպառնալիքի հավանականության մասին վկայող հանգամանքներ, կամ
բ) ապօրինի կամ կանխամտածված պահանջում է ռադիոակտիվ նյութ, սարք կամ միջուկային օբյեկտ` միաժամանակ դիմելով սպառնալիքի այն հանգամանքներում, որոնք վկայում են այդ սպառնալիքի կամ ուժի գործադրման հավանականության մասին:
3. Անձի արարքը հանցագործություն է համարվում նաև, երբ նա փորձում է կատարել սույն հոդվածի 1-ին կետում նշված հանցագործություններից որևէ մեկը:
4. Անձի արարքը հանցագործություն է համարվում նաև, երբ նա`
ա) որպես հանցակից` մասնակցում է սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերում նշված հանցագործություններից որևէ մեկի կատարմանը կամ
բ) կազմակերպում կամ ղեկավարում է այլ անձանց` սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերում նշված հանցագործություններից որևէ մեկը կատարելու նպատակով, կամ
գ) որևէ այլ ձևով նպաստում է սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերում նշված մեկ կամ ավելի հանցագործությունների կատարմանը մեկ ընդհանուր նպատակով գործող անձանց խմբի կողմից. այդպիսի օժանդակությունը պետք է տրամադրվի կանխամտածված կամ խմբի հանցավոր գործունեությանը կամ նպատակին աջակցելու համար կամ իմանալով խմբի` համապատասխան հանցագործություն կամ հանցագործություններ կատարելու մտադրության մասին: