Հոդված 7
Հոդված 7
1. Մասնակից պետությունները համագործակցում են`
ա) ձեռնարկելով բոլոր հնարավոր միջոցները, ներառյալ, անհրաժեշտության դեպքում, համապատասխանեցնելով իրենց ներպետական իրավունքը` իրենց համապատասխան տարածքների սահմաններում 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների կատարման նախապատրաստումը կանխարգելելու, իրենց տարածքների սահմաններում կամ սահմաններից դուրս այդպիսի նախապատրաստմանը հակազդելու նպատակով, այդ թվում` այնպիսի միջոցներ, որոնք արգելում են իրենց տարածքներում այն անձանց, խմբերի և կազմակերպությունների անօրինական գործողությունները, որոնք խրախուսում, դրդում, կազմակերպում, կանխամտածված ֆինանսավորում կամ տեխնիկական օգնություն, կամ տեղեկատվություն են տրամադրում կամ մասնակցում են այդ հանցագործությունների կատարմանը.
բ) փոխանակելով ստույգ և ճշգրիտ տեղեկատվություն, իրենց ներպետական իրավունքին համապատասխան և սույն հոդվածում նախատեսված կարգով ու պայմաններով, և համաձայնեցնելով վարչական և այլ միջոցները, որոնք անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են` 2-րդ հոդվածում նշված հանցագործությունները բացահայտելու, կանխարգելելու, արգելելու և հետաքննելու, ինչպես նաև այդպիսի հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ քրեական վարույթներ հարուցելու նպատակով: Մասնավորապես, Մասնակից պետությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում, որպեսզի անհապաղ տեղեկացնի 9-րդ հոդվածում նշված մյուս պետություններին 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների կատարման և իրեն հայտնի դարձած այդպիսի հանցագործությունների նախապատրաստման մասին, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այդ մասին տեղեկացնի միջազգային կազմակերպություններին:
2. Մասնակից պետությունները, իրենց ներպետական իրավունքին համապատասխան, միջոցներ են ձեռնարկում ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը պահպանելու համար, որը նրանք ստանում են մյուս Մասնակից պետությունից գաղտնի կերպով` սույն Կոնվենցիայի դրույթների հիման վրա կամ սույն Կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին մասնակցելիս: Եթե Մասնակից պետությունները գաղտնի կերպով տեղեկատվություն են տրամադրում միջազգային կազմակերպություններին, ապա միջոցներ են ձեռնարկվում այդպիսի տեղեկատվության գաղտնիության պահպանումն ապահովելու համար:
3. Սույն Կոնվենցիային համապատասխան` Մասնակից պետությունից չի պահանջվում տրամադրել որևէ տեղեկատվություն, որը նա իրավունք չունի տարածելու` ներպետական իրավունքի համաձայն, կամ որը կարող է վտանգել համապատասխան պետության անվտանգությունը կամ միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանությունը:
4. Մասնակից պետությունները տեղեկացնում են Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին իրենց իրավասու մարմինների և կապն ապահովող կետերի մասին, որոնք պատասխանատու են սույն հոդվածում նշված տեղեկատվությունն ուղարկելու և ստանալու համար: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը իրավասու մարմինների և կապն ապահովող կետերի մասին այդ տեղեկությունը հաղորդում է բոլոր Մասնակից պետություններին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը: Այդպիսի մարմիններն ու կապն ապահովող կետերը պետք է միշտ լինեն հասանելի: