Հոդված 1
Հոդված 1
Սահմանումներ
1. Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե ենթատեքստից այլ բան չի հետևում,
ա) «Կոնվենցիա» նշանակում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Կոնվենցիան, որը ստորագրման համար բացվել է Չիկագոյում 1944 թվականի դեկտեմբերի 7-ին, և ներառում է ցանկացած հավելված, որն ընդունվել է այդ Կոնվենցիայի 90-րդ հոդվածի համաձայն և հավելվածների կամ Կոնվենցիայի 90-րդ և 94-րդ հոդվածների համաձայն ցանկացած փոփոխություն, այնքանով որքանով այդ հավելվածներն ու փոփոխություններն ընդունվել են երկու Պայմանավորվող Կողմերի կողմից,
բ) «ավիացիոն իշխանություններ» նշանակում է՝ Սլովակիայի Հանրապետության դեպքում՝ Սլովակիայի Հանրապետության տրանսպորտի, փոստի և հեռահաղորդակցությունների նախարարության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, և Հայաստանի Հանրապետության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, կամ երկու դեպքում էլ ցանկացած այլ անձ կամ մարմին, որը լիազորված է իրականացնելու այդ ավիացիոն իշխանությունների կողմից ներկայումս կատարվող գործառույթները,
գ) «նշանակված ավիաընկերություն» նշանակում է ավիաընկերություն, որը նշանակվել և լիազորվել է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն,
դ) «տարածք», «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն», «ավիաընկերություն» և «կանգառ ոչ առևտրային նպատակներով» ունեն Կոնվենցիայի 2-րդ և 96-րդ հոդվածներով դրանց ամրագրված իմաստները,
ե) «տարողություն» համաձայնեցված հաղորդակցությունների առնչությամբ նշանակում է այդ հաղորդակցություններում օգտագործվող օդանավի տարողությունը՝ բազմապատկած այդ օդանավով տրված ժամանակահատվածում երթուղու կամ դրա մի հատվածի վրա շահագործվող հաճախականությամբ,
զ) «համաձայնեցված հաղորդակցություններ» նշանակում է սույն Համաձայնագրի Հավելվածում սահմանված երթուղիներով միջազգային կանոնավոր օդային հաղորդակցություններ՝ ուղևորներ, բեռ և փոստ առանձին կամ համակցված փոխադրելու համար,
է) «սահմանված երթուղի» նշանակում է սույն Համաձայնագրի Հավելվածի Երթուղիների ցանկում սահմանված երթուղին,
ը) «Հավելված» նշանակում է սույն Համաձայնագրի Հավելվածը կամ ինչպես այն փոփոխվել է սույն Համաձայնագրի 21-րդ հոդվածի դրույթներին համապատասխան: Հավելվածը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և բոլոր հղումները սույն Համաձայնագրին պետք է ներառեն հղումներ Հավելվածին՝ բացառությամբ որտեղ հստակորեն այլ կերպ համաձայնեցված,
թ) «սակագին» նշանակում է ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար վճարվելիք գներ և պայմաններ, որոնց ներքո այդ գները կիրառվում են՝ ներառյալ փոխադրողի կողմից մատուցված այլ ծառայությունների դիմաց գները և պայմանները՝ կապված օդային փոխադրման հետ, և ներառյալ գործակալներին առաջարկված փոխհատուցումները և պայմանները, սակայն բացառությամբ փոստի փոխադրման համար փոխհատուցումը և պայմանները,
ժ) «սպասարկման գանձումներ» նշանակում է ավիաընկերություններից՝ իրավասու իշխանությունների կողմից գանձվող կամ դրանց կողմից թույլատրված վարձավճարները օդանավակայանի գույքի կամ միջոցների, կամ աերոնավիգացիոն սարքավորումների կամ ավիացիոն անվտանգության սարքավորումների կամ ծառայությունների տրամադրման համար ներառյալ հարակից ծառայությունները և միջոցները օդանավերի, դրանց անձնակազմերի, ուղևորների և բեռների համար:
2. Սույն Համաձայնագրում Սլովակիայի Հանրապետության ավիաընկերությունների վկայակոչումը պետք է հասկացվի որպես Սլովակիայի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերություններին վկայակոչում: