Հոդված 13
Հոդված 13
Հիմնադրամի խորհուրդը
1. Հիմնադրամի խորհուրդը ներկայացնում է Հիմնադրամի մասնակիցների շահերը Հիմնադրամի միջոցների ներգրավման, տեղաբաշխման (ներդրման) և օգտագործման հետ կապված բոլոր հարցերում, ինչպես նաև Հիմնադրամին վերաբերող ցանկացած այլ հարցում:
2. Հիմնադրամի խորհուրդը`
ա) հաստատում է Հիմնադրամում նոր մասնակիցների ընդունումը,
բ) հավանություն է տալիս Հիմնադրամին լրացուցիչ հատկացումներ և նվիրաբերություններ կատարելուն,
գ) հավանություն է տալիս նոր մասնակիցների կողմից վճարումների, լրացուցիչ հատկացումների և նվիրաբերությունների կատարման կարգին ու պայմաններին,
դ) հսկողություն է իրականացնում Հիմնադրամին ուղղված վճարումների կատարման, պարտամուրհակների մարման պահանջների առաջադրման և դրանց վճարումն իրականացնելու նկատմամբ,
ե) Հիմնադրամի հաշիվները բացելու համար հաստատում է բանկերի ցուցակը,
զ) հաստատում է Հիմնադրամի միջոցների հաշվին ֆինանսավորվող գործունեության ծրագրերը և դրանց կատարման վերաբերյալ ամենամյա հաշվետվությունները,
է) Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին որոշումներ է ընդունում` հաստատելով ֆինանսավորման տրամադրման հիմնական պայմանները,
ը) յուրաքանչյուր տարի հաստատում է Հիմնադրամի միջոցների կառավարչի` Հիմնադրամի միջոցների կառավարմանը վերաբերող վարչական ծախսերի նախահաշիվը և դրանց կատարման մասին հաշվետվությունները,
թ) հսկողություն է իրականացնում Հիմնադրամի միջոցների կառավարչի գործունեության նկատմամբ` կապված Հիմնադրամի միջոցների վարչական կառավարման և տնօրինման հետ,
ժ) հսկողություն է իրականացնում Հիմնադրամի միջոցների կառավարչի գործունեության նկատմամբ` կապված Հիմնադրամի միջոցների տրամադրման և Հիմնադրամի ժամանակավորապես չօգտագործվող միջոցների տեղաբաշխման (ներդրման) հետ,
ժա) քննարկում է Հիմնադրամի միջոցների կառավարչի այն հաշվետվությունները, որոնք վերաբերում են Հիմնադրամի միջոցների հաշվին ֆինանսավորվող գործառնությունների արդյունավետությանը,
ժբ) քննարկում և ընդունում է`
- Հիմնադրամի միջոցներից կայունացման վարկերի և անկախ փոխառությունների տրամադրման կարգը,
- միջպետական ներդրումային նախագծերի ֆինանսավորման համար Հիմնադրամի միջոցների տրամադրման կարգը,
- Հիմնադրամի ժամանակավորապես չօգտագործվող միջոցների տեղաբաշխման (ներդրման) կարգը (Ներդրումային հռչակագիր),
ժգ) որոշումներ է ընդունում Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրերի հիման վրա իրականացվող ֆինանսավորման կասեցման և դադարեցման վերաբերյալ` այդ համաձայնագրերի պայմաններին համապատասխան,
ժդ) քննարկում և հաստատում է Հիմնադրամի միջոցների կառավարչի գործունեության մասին տարեկան հաշվետվությունները, որոնք վերաբերում են Հիմնադրամի միջոցների վարչական կառավարմանը և տնօրինմանը, աուդիտորական եզրակացությունները և Հիմնադրամի
շրջանակներում իրականացվող գործունեության վերաբերյալ այլ հաշվետվությունները,
ժե) որոշում է Հիմնադրամի միջոցներում Հիմնադրամի մասնակցի մասնաբաժինը` Հիմնադրամից մասնակցի դուրս գալու դեպքում այն վերադարձնելու նպատակով,
ժզ) Հիմնադրամի գործառնությունները կասեցնելու և դրանց դադարեցումը նախաձեռնելու վերաբերյալ որոշումներ է ընդունում, ներառյալ Հիմնադրամի մասնակիցների միջև Հիմնադրամի միջոցների վերաբաշխման ժամկետների և պայմանների սահմանումը` Հիմնադրամի գործունեության դադարեցումից հետո դրանք վերադարձնելու նպատակով,
ժէ) սահմանում է Հիմնադրամի գործառնությունների դադարեցման ընթացակարգերը,
ժը) լուծում է սույն Կանոնադրության 23-րդ հոդվածի 1-ին կետում նշված վեճերը,
ժթ) Հիմնադրամի հիմնադիր պետություններին և մասնակիցներին ներկայացնում է առաջարկություններ Հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրում, սույն Կանոնադրության մեջ և Հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ,
ի) Հիմնադրամի մասնակիցներին ներկայացնում է առաջարկություններ Հիմնադրամի միջոցների կառավարչի փոխարինման վերաբերյալ,
իա) լուծում է Հիմնադրամի միջոցների կառավարման հետ կապված ցանկացած այլ հարց: