Հոդված 20
Հոդված 20
Հիմնադրամի կազմից մասնակիցների դուրս գալը
1. Հիմնադրամի ցանկացած մասնակից իրավունք ունի դուրս գալու Հիմնադրամի մասնակիցների կազմից` իր մտադրության մասին գրավոր ծանուցելով Հիմնադրամի խորհրդին: Այդ գրավոր ծանուցումն ուղարկվում է Հիմնադրամի խորհրդի նախագահի անունով, պատճենը` Հիմնադրամի խորհրդի քարտուղարություն, և այդ մասին Հիմնադրամի խորհրդի քարտուղարի միջոցով անմիջապես տեղեկացվում են Հիմնադրամի խորհրդի բոլոր անդամներն ու Հիմնադրամի միջոցների կառավարիչը:
2. Հիմնադրամի մասնակիցների կազմից դուրս գալու վերաբերյալ նշված ծանուցումը ստանալու օրվանից.
ա) Հիմնադրամի փաստաթղթերին համապատասխան Հիմնադրամի տվյալ մասնակցին տրված բոլոր իրավունքները կասեցվում են` բացառությամբ Հիմնադրամի մասնակիցների կազմից դուրս գալու իրավունքի,
բ) Հիմնադրամի տվյալ մասնակիցն իրավունք չունի քվեարկելու Հիմնադրամի խորհրդի կողմից որևէ որոշման ընդունման ժամանակ` բացառությամբ Հիմնադրամում իր մասնաբաժնի չափը որոշելու հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումների: Դրանով հանդերձ` պահպանվում են նրա բոլոր պարտավորությունները, որոնք առնչվում են այդ մասնակցի կողմից կնքված` Հիմնադրամի միջոցների տրամադրման մասին համաձայնագրերին, այնքան ժամանակ, քանի դեռ վերադարձման հիմունքով նրան տրամադրված միջոցների որևէ մաս մնում է չվճարված,
գ) այդ մասնակիցը չի կրում այնպիսի պարտավորություններ, որոնք կապված են Հիմնադրամի միջոցներով այն գործարքների հետ, որոնք կատարվել են Հիմնադրամի գործառնություններին նրա մասնակցությունը դադարեցնելու մտադրության մասին ծանուցումը ստանալուց հետո:
3. Հիմնադրամի մասնակիցների կազմից Հիմնադրամի մասնակցի դուրս գալու մասին ծանուցումն ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, Հիմնադրամի խորհրդի որոշմամբ Հիմնադրամի միջոցների կառավարչի կողմից տվյալ մասնակցի հետ կնքվում է համաձայնագիր` Հիմնադրամի միջոցներում այդ մասնակցի մասնաբաժինը վճարելու կարգի և ժամկետի վերաբերյալ:
Հիմնադրամի միջոցներում այդ մասնակցի մասնաբաժինը որոշվում է Հիմնադրամի խորհրդի կողմից ընդունված կարգին համապատասխան` հաշվի առնելով այդ մասնակցի փաստացի կատարած վճարման չափը և դրա մուծման ժամկետը, նաև հաշվի առնելով Կանոնադրության 9-րդ հոդվածի 4-րդ կետը:
4. Մինչև Հիմնադրամի մասնակիցների կազմից դուրս գալու վերաբերյալ Հիմնադրամի մասնակցի ծանուցագիրն ստանալու օրվանից հետո մեկ տարին լրանալը կամ մինչև մասնաբաժնի վճարման ժամկետի և կարգի մասին համաձայնագրի կնքումը (կախված նրանից, թե նշված գործընթացներից որն ավելի շուտ տեղի կունենա) Հիմնադրամի տվյալ մասնակիցը կարող է Հիմնադրամի խորհրդին գրավոր հաղորդել վերոնշյալ ծանուցումը չեղյալ հայտարարելու մասին Կանոնադրության սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով:
5. Հիմնադրամի խորհրդին Հիմնադրամի մասնակիցների կազմից դուրս գալու մասին ծանուցում ուղարկած մասնակիցը համարվում է Հիմնադրամի մասնակիցների կազմից դուրս եկած մասնաբաժնի վճարման ժամկետի և կարգի մասին համաձայնագրի կնքման օրվանից, բայց Հիմնադրամի մասնակիցների կազմից դուրս գալու մասին նրա գրավոր ծանուցումն ստանալու օրվանից մեկ տարուց ոչ ուշ: