Հոդված 9
Հոդված 9
1. Կողմերն ընդունում են նորմատիվ իրավական ակտեր, որոնք դրամական միջոցների կամ այլ ունեցվածքի հետ կապված գործարքներ իրականացնող կազմակերպություններին պարտավորեցնում են հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, որոնք պետք է մասնավորապես ընդգրկեն.
ա) հաճախորդների և շահույթ ստացողների նույնականացման կատարումը,
բ) հաճախորդների և շահույթ ստացողների, ինչպես նաև դրամական միջոցների և այլ ունեցվածքի հետ կապված գործարքների մասին տվյալների փաստաթղթային ամրագրումը,
գ) դրամական միջոցների և/կամ այլ ունեցվածքի հետ կապված գործարքների և դրանցով շահույթ ստացողների մասին տվյալներ պարունակող փաստաթղթերի պահպանումն առնվազն հինգ տարի, իսկ հաճախորդների մասին տվյալների պահպանումը` հաճախորդի հետ հարաբերությունները դադարեցնելու օրվանից սկսած` առնվազն հինգ տարի,
դ) դրամական միջոցների կամ այլ ունեցվածքի հետ կապված գործարքների դադարեցումը Կողմերի օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով,
ե) լիազոր մարմնին տեղեկությունների տրամադրումը դրամական միջոցների կամ այլ ունեցվածքի հետ կապված գործարքների մասին, որոնց հատկանիշները սահմանվում են սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան,
զ) հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու ձեռնարկվող միջոցների մասին հաճախորդներին և այլ անձանց տեղեկացնելու արգելքը,
է) բանկային հաշվի (ավանդի) պայմանագրի կնքման մերժումը և գործարքի կատարման մերժումը Կողմերի օրենսդրությամբ սահմանված հանգամանքների առկայության դեպքում:
2. Կողմերն ընդունում են նորմատիվ իրավական ակտեր, որոնք սահմանում են դրամական միջոցների կամ այլ ունեցվածքի հետ կապված գործարքի հատկանիշները, որի վերաբերյալ տեղեկությունները պետք է տրամադրվեն լիազոր մարմնին:
3. Կողմերը որոշում են այն պետական մարմինները, որոնք վերահսկողություն են իրականացնում դրամական միջոցների կամ այլ ունեցվածքի հետ կապված գործարքներ կատարող կազմակերպությունների կողմից սույն հոդվածի 1-ին կետում նշված միջոցների իրագործման նկատմամբ, և նշված մարմիններին լիազորություններ են ընձեռում վերահսկողության ենթակա կազմակերպությունների համար պարտադիր կանոններ հրապարակել` հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու ուղղությամբ:
4. Կողմերն ընդունում են նորմատիվ իրավական ակտեր, որոնցում սահմանում են դրամական միջոցների կամ այլ ունեցվածքի հետ կապված գործարքներ իրականացնող կազմակերպությունների պատասխանատվությունը տեղեկություններ տրամադրելուց խուսափելու կամ թաքցնելու, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտավորությունների չկատարման համար: