Հոդված 23
Հոդված 23
Ուղղումներ
1. Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հինգ տարին լրանալուց հետո սույն Արձանագրության Մասնակից պետությունը կարող է ուղղում առաջարկել և այն ուղարկել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որն այնուհետ առաջարկվող ուղղումն ուղարկում է Մասնակից պետություններին և Կոնվենցիայի Մասնակիցների խորհրդաժողովին՝ այդ առաջարկության քննարկման և դրա վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով։ Սույն Արձանագրության Մասնակից պետությունները, որոնք մասնակցում են Մասնակիցների խորհրդաժողովին, բոլոր ջանքերը գործադրում են յուրաքանչյուր ուղղման վերաբերյալ համաձայնության գալու համար։ Եթե համաձայնության գալու բոլոր ջանքերը սպառվել են, և համաձայնություն ձեռք չի բերվել, ապա, որպես ծայրահեղ միջոց, ուղղումն ընդունելու համար պահանջվում է սույն Արձանագրության այն Մասնակից պետությունների ձայների երկու երրորդի մեծամասնությունը, որոնք Մասնակիցների խորհրդաժողովի նիստին ներկա են և մասնակցում են քվեարկությանը։
2. Տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություններն իրենց իրավասության ոլորտում ընդգրկվող հարցերով ձայնի իրենց իրավունքն իրականացնում են սույն հոդվածի համաձայն՝ ունենալով ձայների այնքան քանակ, որը հավասար է իրենց անդամ պետությունների քանակին, որոնք սույն Արձանագրության Մասնակիցներ են համարվում։ Այդպիսի կազմակերպություններն իրենց ձայնի իրավունքը չեն իրականացնում, եթե նրանց անդամ պետությունները իրականացնում են իրենց ձայնի իրավունքը և ընդհակառակը։
3. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ընդունված ուղղումը ենթակա է Մասնակից պետությունների կողմից վավերացման, ընդունման կամ հաստատման։
4. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ընդունված ուղղումը Մասնակից պետության նկատմամբ ուժի մեջ է մտնում նրա կողմից այդ ուղղման վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնվելու ամսաթվից հետո իննսուն օր անց։
5. Երբ ուղղումն ուժի մեջ է մտնում, այն պարտադիր է դառնում այն Մասնակից պետությունների համար, որոնք դրանով կապված լինելու համաձայնություն են արտահայտել։ Մյուս Մասնակից պետությունները շարունակում են կապված լինել սույն Արձանագրության դրույթներով և նրանց կողմից նախկինում վավերացված, ընդունված կամ հաստատված ցանկացած ուղղումով։