Հոդված 8
Հոդված 8
Ծովով միգրանտների անօրինական ներմուծմանը հակազդելու միջոցները
1. Մասնակից պետությունը, որը ողջամիտ հիմքեր ունի կասկածելու, որ այն նավը, որ կրում է իր դրոշը կամ հայտարարում է այն մասին, որ այն գրանցված է այդ պետությունում կամ ազգություն չունի կամ էլ թեև օտարերկրյա դրոշ է կրում կամ հրաժարվում է դրոշը ցույց տալ, իրականում ունի այդ Մասնակից պետության ազգությունը, մասնակցում է ծովով միգրանտների անօրինական ներմուծմանը, կարող է հայցել մյուս Մասնակից պետությունների օգնությունը՝ տվյալ նավը այդ նպատակով օգտագործելը կանխարգելելու գործում։ Մասնակից պետությունները, որոնց ուղղված է նման հարցումը, այդպիսի օգնությունը տրամադրում են այն չափով, որքանով առկա միջոցների շրջանակներում դա հնարավոր է։
2. Մասնակից պետությունը, որը ողջամիտ հիմքեր ունի կասկածելու, որ նավը, որը, միջազգային իրավունքին համապատասխան, նավարկության ազատություն է իրականացնում և կրում է այլ Մասնակից պետության դրոշը, կամ այդպիսի պետությունում գրանցման նշաններ կրող նավը մասնակցում է ծովով միգրանտների անօրինական ներմուծմանը, կարող է այդ մասին ծանուցել դրոշի պետությանը, պահանջել գրանցման հաստատումը և հաստատման դեպքում խնդրել դրոշի պետության թույլտվությունը՝ այդ նավի նկատմամբ պատշաճ միջոցներ ձեռնարկելու համար։ Դրոշի պետությունը կարող է հայցող պետությանը թույլ տալ, մասնավորապես`
ա) բարձրանալ այդ նավը.
բ) կատարել այդ նավի զննում, և
գ) այդ նավի՝ ծովով միգրանտների անօրինական ներմուծմանը մասնակցելու ապացույցներ հայտնաբերելու դեպքում պատշաճ միջոցներ ձեռնարկել այդ նավի, ինչպես նաև նրա մեջ գտնվող անձանց և բեռի նկատմամբ՝ դրոշի պետության կողմից թույլատրված կարգով։
3. Մասնակից պետությունը, որը սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան իրականացնում է ցանկացած միջոց, արդյունքների մասին անհապաղ տեղեկացնում է շահագրգիռ դրոշի պետությանը։
4. Մասնակից պետությունը անհապաղ պատասխանում է մյուս Մասնակից պետությունից ստացված հարցմանը, որպեսզի պարզի՝ այդ պետությունում իր գրանցման մասին հայտարարող կամ նրա դրոշը կրող նավն ունի՞ արդյոք դրա իրավունքը, ինչպես նաև պատասխանում է այն թույլտվության վերաբերյալ հարցմանը, որն արվել է սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան։
5. Դրոշի պետությունը, սույն Արձանագրության 7-րդ հոդվածի համաձայն, կարող է իր թույլտվությունը ուղեկցել այնպիսի պայմաններով, որոնք պետք է համաձայնեցվեն նրա և հայցող պետության միջև, այդ թվում՝ այն պայմանների, որոնք վերաբերում են պատասխանատվությանը և այն արդյունավետ միջոցների ծավալին, որոնք պետք է ընդունվեն։ Մասնակից պետությունը առանց դրոշի պետության ուղղակի համաձայնության լրացուցիչ միջոցներ չի ձեռնարկում, բացառությամբ այնպիսիների, որոնք անհրաժեշտ են մարդկանց կյանքի համար անմիջական վտանգը վերացնելու համար, կամ որոնք բխում են համապատասխան երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերից։
6. Յուրաքանչյուր Մասնակից պետություն նշանակում է մարմին կամ, անհրաժեշտության դեպքում, մարմիններ, որոնք պետք է հարցումներ ստանան օգնության գրանցման կամ նրա դրոշը կրելու նավի իրավունքի հաստատման մասին, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և այդ հարցումներին պատասխանելու թույլտվության վերաբերյալ։ Այդպիսի նշանակման մասին ծանուցագիրը Գլխավոր քարտուղարի միջոցով մյուս Մասնակից պետություններին է ուղարկվում նշանակման պահից մեկ ամսվա ընթացքում։
7. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, որը ողջամիտ հիմքեր ունի կասկածելու, որ նավը մասնակցում է ծովով միգրանտների անօրինական ներմուծմանը և ազգություն չունի կամ կարող է հավասարեցվել առանց ազգության նավի, կարող է բարձրանալ այդ նավ և զննություն կատարել։ Եթե հայտնաբերվել են այդ կասկածը հաստատող ապացույցները, ապա այդպիսի Մասնակից պետությունը պատշաճ միջոցներ է ձեռնարկում՝ ներքին և միջազգային իրավունքին համապատասխան դրույթների համաձայն։