Հոդված 14
Հոդված 14
Կադրերի պատրաստումը և տեխնիկական համագործակցությունը
1. Մասնակից պետությունները ապահովում կամ կատարելագործում են միգրացիոն և այլ համապատասխան մարմինների աշխատակիցների մասնագիտացված պատրաստումը սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների կանխարգելման և այդպիսի արարքների օբյեկտ դարձած միգրանտների հետ մարդասիրական վերաբերմունքի հարցերով՝ սույն Արձանագրությամբ սահմանված նրանց իրավունքների հարգման ապահովմամբ:
2. Մասնակից պետությունները պատշաճ դեպքերում միմյանց և իրավասու միջազգային կազմակերպությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, այլ համապատասխան կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության այլ տարրերի հետ համագործակցում են իրենց տարածքում կադրերի պատշաճ պատրաստման ապահովման գործում՝ այն արարքների կանխարգելման, նախազգուշացման և արմատախիլ անելու նպատակով, որոնք նշված են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում, ինչպես նաև այդպիսի արարքների օբյեկտ դարձած միգրանտների իրավունքների պաշտպանության նպատակով: Նշված պատրաստումը ներառում է.
ա) մուտքի/ելքի փաստաթղթերի հուսալիության և որակի բարձրացումը.
բ) մուտքի/ելքի և անձը հաստատող կեղծ փաստաթղթերի հայտնաբերումը և բացահայտումը.
գ) հանցագործությունների մասին օպերատիվ տեղեկություն հավաքելը, որը, մասնավորապես, վերաբերում է այն կազմակերպված հանցավոր խմբերի բացահայտմանը, որոնք, ինչպես դա հայտնի է, կասկածվում կամ մասնակցում են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների կատարմանը, այն մեթոդներին, որոնք օգտագործվում են անօրինական ներմուծվող միգրանտների տեղափոխման, մուտքի/ելքի կամ անձը հաստատող փաստաթղթերի անիրավաչափ օգտագործման համար՝ սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքները կատարելու նպատակով, և միգրանտների անօրինական ներմուծման ժամանակ օգտագործվող պարտակման միջոցների բացահայտմանը.
դ) անօրինական ներմուծվող անձանց սահմանված և չսահմանված կետերում հայտնաբերելու ընթացակարգերի կատարելագործումը.
ե) մարդասիրական վերաբերմունքը միգրանտների հետ և նրանց այն իրավունքների պաշտպանությունը, որոնք սահմանված են սույն Արձանագրությամբ:
3. Մասնակից պետությունները, որոնք համապատասխան մասնագետներ և փորձ ունեն, քննարկում են այն պետություններին տեխնիկական օգնություն տրամադրելու հնարավորությունը, որոնք հաճախ են ծագման կամ տարանցման երկիր համարվում այն անձանց համար, որոնք դարձել են սույն Արձանագրության 6-րդ հոդվածում նշված արարքների օբյեկտ: Մասնակից պետությունները բոլոր ջանքերը գործադրում են անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելու համար, ինչպիսիք են տրանսպորտային միջոցները, համակարգչային համակարգերը և փաստաթղթեր կարդալու համար սարքավորումները՝ այն արարքների դեմ պայքարելու նպատակների համար, որոնք նշված են 6-րդ հոդվածում: