Հոդված 18. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ստորագրումը
Հոդված 18. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ստորագրումը
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ստորագրումը դրա կնքման փուլն է, որով ավարտվում են պայմանագրի շուրջ բանակցությունները, և որի ընթացքում նախաստորագրված պայմանագիրը` ի հաստատումն դրա տեքստի հետ վերջնական համաձայնության, Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրում է սույն օրենքով այդպիսի իրավասություն կամ հատուկ լիազորություն ունեցող անձը, որից հետո պայմանագիրը համարվում է Հայաստանի Հանրապետության համար կնքված կամ ենթակա է վավերացման կամ հաստատման սույն օրենքով սահմանված կարգով:
2. Ստորագրված միջազգային պայմանագրի տեքստը ենթակա չէ փոփոխման:
Եթե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագրի դրույթները Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող, ապա դրա տեքստը կարող է սույն օրենքով սահմանված կարգով փոփոխվել, նոր հիմունքներով ստորագրվել և ներկայացվել վավերացման` տեքստից հանելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող դրույթները:
Այդ դեպքում պարտադիր չեն միջազգային պայմանագրի նախագծի համաձայնեցման և դրա նախաստորագրման վերաբերյալ սույն օրենքի պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ մյուս կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ:
3. Եթե միջպետական պայմանագրով նախատեսվում է, որ դա ուժի (գործողության) մեջ է մտնում ստորագրման պահից կամ մինչև ուժի մեջ մտնելը կարող է ժամանակավորապես կիրառվել, ապա Հայաստանի Հանրապետության կողմից այդ պայմանագիրն ստորագրելու իրավասություն կամ հատուկ լիազորություն ունեցող անձը պարտավոր է բանակցությունների ընթացքում մյուս կողմի հետ համաձայնեցնել, որ պայմանագիրն ուժի մեջ կմտնի դրա վավերացումից հետո: Այդպիսի համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կողմից իրավասու կամ լիազոր անձը նման դրույթներ պարունակող պայմանագիրն ստորագրելիս պետք է վերապահում կատարի` նշելով, որ այդ պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտնելու կամ կիրառվելու է սույն օրենքով սահմանված կարգով:
Սույն կետի նորմերը տարածվում են նաև միջկառավարական և միջգերատեսչական այն պայմանագրերի վրա, որոնք սույն օրենքի 23 հոդվածի 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի, ինչպես նաև 24 հոդվածի նորմերին համապատասխան վավերացնում կամ հաստատում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ստորագրմանը հավասարազոր է ճանաչվում դիվանագիտական ուղիներով նոտաների փոխանակման միջոցով կողմերի միջև համապատասխան բնագավառում հարաբերություններ հաստատելու մասին համաձայնության ձեռքբերումը:
5. Միջազգային իրավունքի նորմերով և սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունը կարող է ստորագրել նաև ստորագրման համար բաց միջազգային պայմանագիր, որի նախագծի նախապատրաստման, ինչպես նաև նախաստորագրման և ստորագրման ներկայացնելու աշխատանքներին ինքը չի մասնակցել: