Հոդված 33. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի վերաբերյալ վավերագիր կամ հայտարարագիր ստորագրելը
Հոդված 33. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի վերաբերյալ վավերագիր կամ հայտարարագիր ստորագրելը
1. Հայաստանի Հանրապետության Նախագահն ստորագրում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագիրը:
Սույն կետով նախատեսված միջազգային պայմանագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահն ստորագրում է վավերագիր, որով այդ պայմանագրի մյուս կողմին կամ ավանդապահին տեղեկացվում է այն մասին, որ այդ պայմանագրի վավերացմամբ դա պարտադիր է դարձել Հայաստանի Հանրապետության համար:
2. Միջազգային պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահն ստորագրում է հայտարարագիր, որով այդ պայմանագրի մյուս կողմերին կամ ավանդապահին տեղեկացվում է այդ պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին:
Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրած վավերագրերը և հայտարարագրերն ամրագրվում են Հայաստանի Հանրապետության կնիքով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ստորագրությամբ:
3. Սույն օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացրած կամ հաստատած և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած միջազգային պայմանագրի վերաբերյալ վավերագիրը, ինչպես նաև միջազգային պայմանագրերին միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների վերաբերյալ հայտարարագրերն ստորագրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը և ամրագրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կնիքով:
4. Միջազգային պայմանագրի վավերագրերի փոխանակման կամ այդ պայմանագրի ավանդապահներին վավերագրերի և հայտարարագրերի հանձնման գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: