Հոդված 22. Միջազգային պայմանագրին միանալը
Հոդված 22. Միջազգային պայմանագրին միանալը
1. Հայաստանի Հանրապետությունը, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, կարող է միանալ ուժի մեջ մտած միջազգային պայմանագրին, որում ինքը հանդես չի եկել որպես պայմանագրի կողմ:
2. Միջազգային պայմանագրին միանալու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, գերատեսչությունները` իրենց գործունեության ոլորտին կամ իրավասությանը վերաբերող հարցերով:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կարող է հանդես գալ միջազգային պայմանագրին միանալու նախաձեռնությամբ նաև այլ գերատեսչության իրավասությանը վերաբերող հարցերով` վերջինիս համապատասխան առաջարկություն ներկայացնելու միջոցով:
Միջազգային պայմանագրին միանալու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ շահագրգիռ մեկից ավելի գերատեսչություններ: Այդ դեպքում դրանցից մեկը հանդես է գալիս որպես գլխավոր նախաձեռնող, որը պատասխանատու է այդ պայմանագրին միանալու նպատակահարմարությունը հիմնավորելու և հետագա ընթացքի համար:
3. Միջազգային պայմանագրին միանալու հանձնարարականներ կարող են տալ`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը` միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերին միանալու վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը` միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերին միանալու վերաբերյալ, բացառությամբ կենտրոնական բանկին և գլխավոր դատախազությանը վերաբերող միջգերատեսչական պայմանագրերի:
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան միջազգային պայմանագրին միանալու առաջարկությանը կամ հանձնարարականին ընթացք տալու համար իրավասու գերատեսչությունը հայերեն է թարգմանում միանալու ենթակա միջազգային պայմանագիրը, որի նույնականությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Միջազգային պայմանագիրը, դրան միանալու նպատակահարմարության հիմնավորմամբ, իրավասու գերատեսչությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
5. Համապատասխան գերատեսչությունների առաջարկություններն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է դրանք և տվյալ միջազգային պայմանագրին միանալու վերաբերյալ բոլոր փաստաթղթերը կամ դրանց պատճենները նախարարության կարծիքի հետ համապատասխանաբար ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնեցմանը:
Եթե միջազգային պայմանագրին միանալու առաջարկությանը համաձայնություն են տվել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը` համապատասխան որոշում ընդունելով, ապա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով այդ մասին հայտնվում է այն գերատեսչությանը, որը հանդես է եկել տվյալ պայմանագրին միանալու նախաձեռնությամբ:
Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է համաձայնության հետ միաժամանակ որոշակի հանձնարարականներ տալ տվյալ պայմանագրին միանալու հետ կապված հարցերի վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետությունը միջազգային պայմանագրին կարող է միանալ սույն օրենքով իրավասու մարմնի` տվյալ միջազգային պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին որոշում ընդունելու միջոցով, որը հիմք է դրանով նախատեսված կարգով դա Հայաստանի Հանրապետության համար պարտադիր և Հայաստանի Հանրապետությունն այդ պայմանագրի կողմ ճանաչելու համար: