Հոդված 41. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ
Հոդված 41. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ
1. Գերատեսչությունները, որոնց իրավասության մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կարգավորվող հարցերը, ապահովում են դրանով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը, իրականացնում են այդ պայմանագրից բխող հայկական կողմի իրավունքները, հետևում են, որ նշված պայմանագրի մյուս կողմը (կողմերը) կատարի (կատարեն) պարտավորությունները:
2. Ելնելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կարգավորվող հարաբերությունների բնույթից (միջպետական առևտուր, սահմանների պաշտպանություն, ներդրումների խրախուսում և այլն), դրանով նախատեսվող պարտավորությունների ծավալից, նշանակությունից և առանձնահատկություններից` այդ պայմանագրի կատարման աշխատանքներում կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության այլ գերատեսչություններ և այլ պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ:
3. Միջազգային պայմանագրի հայկական կողմի և մյուս կողմի առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, հիմնարկները, ինչպես նաև ֆիզիկական անձինք այդ պայմանագրով, Հայաստանի Հանրապետության և մյուս կողմի օրենսդրությամբ կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով, նշված պայմանագրի կատարմանը կարող են մասնակցել, եթե նրանց մասնակցությունը բխում է այդ պայմանագրից:
4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման ընթացքում սույն հոդվածի 1-3-րդ կետերում նշված գերատեսչությունները, այլ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, հիմնարկներն ու ֆիզիկական անձինք այդ պայմանագրի մյուս կողմի համապատասխան մարմինների, կազմակերպությունների, հիմնարկների և ֆիզիկական անձանց հետ հաղորդակցվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով, եթե նշված պայմանագրով այլ կարգ նախատեսված չէ: