Հոդված 20. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի լեզուն
Հոդված 20. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի լեզուն
1.Հայաստանի Հանրապետության երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի նախագծերը մշակվում և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների հետ համաձայնեցվում են հայերենով:
Եթե երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի նախագիծը ներկայացրել է որևէ օտարերկրյա պետություն կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտ, ապա դա թարգմանվում է հայերեն:
2. Միջազգային պայմանագրի հայերենով և օտար լեզվով տեքստեր կազմելու կամ դրանք հայերեն թարգմանելու (եթե պայմանագրի նախագիծը ստացվել է մյուս կողմից) պարտականությունը դրվում է իրավասու գերատեսչության վրա:
3. Երկկողմ միջազգային պայմանագրի բնօրինակներից մեկն ստորագրվում է հայերենով:
4. Բազմակողմ միջազգային պայմանագիրը կարող է ստորագրվել օտար լեզվով, ինչպես նաև հայերենով, եթե դա նախատեսված է տվյալ միջազգային պայմանագրով:
5. Հայերենով ստորագրվող միջազգային պայմանագրին զուգահեռաբար ստորագրվող որևէ օտար լեզվով տեքստի նկատմամբ նույնականությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
6. Սույն հոդվածով սահմանված կարգով` օտար լեզվով ստորագրված միջազգային պայմանագիրը հայերեն թարգմանելու պարտականությունը դրվում է իրավասու գերատեսչությունների վրա:
Օտար լեզվով ստորագրված միջազգային պայմանագրի տեքստի հետ հայերեն թարգմանության նույնականությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Նույնականացված հայերեն տեքստը (պաշտոնական թարգմանությունը) հավասարազոր է օտար լեզվով ստորագրված միջազգային պայմանագրի տեքստին: