Հոդված 30. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելը
Հոդված 30. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելը
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելն այդ պայմանագրի կնքման ավարտական փուլն է, երբ միջազգային իրավունքի նորմերին և սույն օրենքի պահանջներին համապատասխան` այդ պայմանագիրն ստորագրելուց, վավերացնելուց, հաստատելուց կամ դրան միանալուց հետո իրականացվում են տվյալ պայմանագրով նախատեսված իրավունքների ու պարտականությունների ծագման համար անհրաժեշտ կազմակերպական և իրավաբանական վերջին գործողությունները, որոնց ավարտմամբ կամ ավարտից հետո տվյալ պայմանագիրը համարվում է կնքված, և պայմանագրով նախատեսված ժամկետից այդ իրավունքներն ու պարտականությունները համարվում են ծագած:
Միջազգային պայմանագրի կնքմանը հավասարազոր է ճանաչվում միջազգային իրավունքի նորմերին համապատասխան Հայաստանի Հանրապետության կողմից իրեն միջազգային պայմանագրի իրավահաջորդ ճանաչելը (հայտարարելը):
2. Սույն օրենքով սահմանված կարգով ստորագրված, վավերացված, հաստատված կամ դրան միացած` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում`
ա) վավերացվելուց, հաստատվելուց կամ դրան միանալուց հետո` տվյալ պայմանագրով նախատեսված կարգով.
բ) միջազգային պայմանագրի պաշտոնական հրապարակումից հետո, եթե պայմանագիրը վերաբերում է մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին.
գ) ստորագրման կամ տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված այլ պահից, եթե պայմանագիրը միջկառավարական կամ միջգերատեսչական է և, սույն օրենքի 23 և 24 հոդվածների նորմերին համապատասխան, ենթակա չէ վավերացման կամ հաստատման համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: