Հոդված 31. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու և մինչև ուժի մեջ մտնելը ժամանակավորապես կիրառելու նկատմամբ հատուկ պահանջները
Հոդված 31. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու և մինչև ուժի մեջ մտնելը ժամանակավորապես կիրառելու նկատմամբ հատուկ պահանջները
1. Եթե Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված միջազգային պայմանագրով նախատեսված է, որ դա ուժի մեջ է մտնում ստորագրման պահից կամ դա կարող է ժամանակավորապես կիրառվել մինչև սահմանված կարգով ուժի մեջ մտնելը, և այդ պայմանագրի ստորագրման պահին չի ապահովվել վերապահում կատարելու մասին սույն օրենքի 18 հոդվածի 3-րդ կետի պահանջը, ապա այդպիսի միջազգային պայմանագրի նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները, եթե`
ա) միջազգային պայմանագիրն ստորագրված է Հայաստանի Հանրապետության անունից, կամ դա դասվում է սույն օրենքի 23 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված միջկառավարական կամ միջգերատեսչական պայմանագրի շարքին, ապա մինչև սույն օրենքով սահմանված կարգով դրանց ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության համար չեն գործում այդ պայմանագրի` ստորագրման պահից ուժի մեջ մտնելու կամ ժամանակավորապես կիրառելու վերաբերյալ դրույթները.
բ) միջազգային պայմանագիրը պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող կամ օրենքներում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենքներ ընդունելու վերաբերյալ դրույթներ, ապա մինչև սույն օրենքով սահմանված կարգով այդ պայմանագրի ուժի մեջ մտնելը ստորագրման պահից ուժի մեջ մտնելու կամ ժամանակավորապես կիրառելու մասին տվյալ պայմանագրի դրույթները Հայաստանի Հանրապետության համար գործում են այդ պայմանագրով նախատեսված միայն այն պարտավորությունների կամ նորմերի նկատմամբ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենքներին:
2. Եթե սույն հոդվածի 1-ին կետի և «բ» ենթակետով նախատեսված միջազգային պայմանագրի` սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը չեն ավարտվում այդ պայմանագիրն ստորագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ապա նշված ենթակետով նախատեսված պայմանագրի գործողությունը ենթակա է դադարեցման հայկական կողմի համար: