Հոդված 105. Կառավարությանը հարցերով դիմելու կարգը
Հոդված 105. Կառավարությանը հարցերով դիմելու կարգը
1. Սահմանադրության 80-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորներն իրավունք ունեն հարցերով դիմել Կառավարությանը:
2. Պատգամավորը մեկ ամսվա ընթացքում Կառավարությանը կարող է դիմել մեկական գրավոր և բանավոր հարցով:
3. Հերթական նստաշրջանի եռօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը և Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:
4. Գրավոր հարցը պատգամավորը հանձնում է Աշխատակազմ, որը նույն օրն այն ուղարկում է Կառավարություն: Հարցն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, վարչապետը կամ նրա հանձնարարությամբ՝ Կառավարության համապատասխան անդամն Ազգային ժողովի նիստում պատասխանում է հարցին՝ այդ մասին վաղօրոք տեղյակ պահելով պատգամավորին և Աշխատակազմին: Պատգամավորն իր հարցի պատասխանն ստանում է գրավոր:
5. Գրավոր հարցերի պատասխանները տրվում են ըստ դրանց ստացման հաջորդականության՝ պատասխանը պատրաստ լինելուն պես, եթե պատգամավորը չի հրաժարվում իր հարցը հնչեցնելուց:
6. Պատգամավորը երեք րոպեի ընթացքում խոսափողից ներկայացնում է Կառավարությանն ուղղած իր գրավոր հարցը, որին հետևում է վարչապետի կամ Կառավարության անդամի՝ մինչև երեք րոպե տևողությամբ պատասխանը: Պատգամավորը կարող է երկու րոպեի ընթացքում արտահայտել իր կարծիքը պատասխանի վերաբերյալ:
7. Եթե գրավոր հարցերին պատասխանելուց հետո նիստի ժամանակը չի սպառվում, ապա պատգամավորները սույն հոդվածի 6-րդ կետով և սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանը կարող են տալ բանավոր հարցեր, որոնցից յուրաքանչյուրը պետք է վերաբերի Կառավարության մեկ անդամի իրավասությանը վերապահված ոլորտին:
8. Սույն հոդվածով սահմանված կարգը չի սահմանափակում պատգամավորի իրավունքը՝ ուղղակի գրավոր դիմել Կառավարություն և օրենքով սահմանված կարգով ստանալ պատասխան: