Հոդված 99. Նստաշրջանի ընթացքում քվեարկություններից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգը
Հոդված 99. Նստաշրջանի ընթացքում քվեարկություններից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգը
1. Պատգամավորի մասնակցությունը քվեարկություններին հաշվառում է Աշխատակազմը:
2. Աշխատակազմը յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում պատգամավորներին տեղեկանք է տալիս նախորդ ամսվա կամ նստաշրջանի ընթացքում քվեարկություններից նրանց բացակայության մասին:
3. Քվեարկությունից պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե՝
ա) նրա գործունակությունը վերականգնվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, մշտական հանձնաժողովի նախագահին կամ Աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է անաշխատունակության թերթիկ.
բ) քվեարկությունից հետո` եռօրյա ժամկետում, իր բացակայության պատճառի մասին նա պաշտոնապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, և այն վերջինիս կողմից համարվում է հարգելի.
գ) հերթական նստաշրջանի ավարտից հետո` 30-օրյա ժամկետում, իր բացակայության պատճառի մասին նա պաշտոնապես տեղեկացնում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, և այն վերջինիս որոշմամբ համարվում է հարգելի.
դ) քվեարկությունից առաջ Ազգային ժողովի նիստում նա հանդես է եկել տվյալ քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ:
4. Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նստաշրջանի առաջին եռօրյա նիստերի քննարկմանն է ներկայացնում եզրակացություն և Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ նախորդ հերթական նստաշրջանի քվեարկությունների առնվազն կեսից ավելիին պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին:
5. Պատգամավորն առնվազն 7 օր առաջ տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում իր բացակայությունների հարցի քննարկման մասին: Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ՝ երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է անկախ նրա ներկայությունից:
6. Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ որոշման նախագիծը քննարկվում է առանձին՝ սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավորը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ 10 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով:
7. Նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից ավելիին պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված) պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
8. Վերոհիշյալ որոշման հիման վրա կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: