Հոդված 18. Ազգային ժողովի նախագահի իրավասությունները
Հոդված 18. Ազգային ժողովի նախագահի իրավասությունները
1. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգով՝
ա) Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, կատարում է Հանրապետության Նախագահի պարտականությունները.
բ) գումարում է Ազգային ժողովի արտահերթ նիստերը.
գ) ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի որոշումները.
դ) ներկայացնում է Ազգային ժողովը.
ե) հաստատում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմը.
զ) հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրությամբ.
է) կազմում է Ազգային ժողովի պատվիրակությունները.
ը) վարում է Ազգային ժողովի նիստերը և Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունները.
թ) Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում հերթական նստաշրջանի և եռօրյա նիստերի օրակարգերի նախագծերը.
ժ) հաստատում է Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները.
ժա) նախնական քննարկման և եզրակացություն տալու համար Կառավարություն, մշտական հանձնաժողովներ և Աշխատակազմ է ուղարկում օրենքների և Ազգային ժողովի որոշումների նախագծերը, նշանակում է գլխադասային հանձնաժողով.
ժբ) Հանրապետության Նախագահին է ուղարկում Ազգային ժողովի ընդունած օրենքները, ինչպես նաև օրենքների ընդունման, Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցերով հանրաքվե նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումները.
ժգ) Հանրապետության Նախագահին է ներկայացնում արտահերթ նստաշրջան գումարելու մասին պատգամավորների նախաձեռնությունը.
ժդ) ապահովում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը և տնօրինում նրա նյութական ու ֆինանսական միջոցները.
ժե) հաստատում է Աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը, հաստիքացուցակը և աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև Ազգային ժողովի պահպանման ծախսերը.
ժզ) նշանակում և ազատում է Աշխատակազմի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.
ժէ) Ազգային ժողովին է առաջարկում թեկնածուներ՝ Վերահսկիչ պալատի նախագահի, սահմանադրական դատարանի անդամների և սահմանադրական դատարանի կազմից՝ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոններում նշանակելու համար.
ժը) հաստատում է Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովների մասնագետների (փորձագետների) թվաքանակը.
ժթ) Ազգային ժողովի և իր գործունեության մասին տարեկան հաղորդումներով հանդես է գալիս Ազգային ժողովի նիստում, որոնց վերաբերյալ որոշում չի ընդունվում.
ի) հաստատում է Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաև Ազգային ժողովի նստավայրում մամուլի ասուլիսների անցկացման կարգերը։
2. Սույն հոդվածի 1-ին կետի «թ» և «ի» ենթակետերով նախատեսված լիազորություններն իրականացվում են Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում քննարկվելուց հետո՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները: