Հոդված 38. Հերթական նստաշրջանի և եռօրյա նիստերի օրակարգերի քննարկման կարգը
Հոդված 38. Հերթական նստաշրջանի և եռօրյա նիստերի օրակարգերի քննարկման կարգը
1. Հերթական նստաշրջանի առաջին նիստն սկսվում է նստաշրջանի և ընթացիկ եռօրյա նիստերի օրակարգերը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերի քննարկմամբ:
2. Եռօրյա նիստերն սկսվում են հերթական նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու, ինչպես նաև ընթացիկ եռօրյա նիստերի օրակարգը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերի քննարկմամբ:
3. Հերթական նստաշրջանի օրակարգը հաստատելու, դրանում լրացումներ կատարելու և եռօրյա նիստերի օրակարգը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերը քննարկվում են առանձին-առանձին:
4. Հերթական նստաշրջանի օրակարգի, դրանում լրացումներ կատարելու և եռօրյա նիստերի օրակարգի նախագծերը ներկայացնելու համար Ազգային ժողովի նախագահին հատկացվում է 20-ական րոպե:
5. Հարցերը տրվում են սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:
6. Մտքերի փոխանակությունը տեղի է ունենում սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ՝
ա) ելույթ ունեցողը, բացառությամբ օրակարգի նախագծում ընդգրկված հարցի մեկ հեղինակի, հանդես է գալիս խոսափողից՝ երկու րոպեի ընթացքում.
բ) խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչներին ելույթի համար հատկացվում է մինչև երկու րոպե.
գ) ելույթներն ավարտվում են սահմանված ժամանակում, եթե Ազգային ժողովն այլ որոշում չի ընդունում:
7. Սույն հոդվածի 6-րդ կետի «գ» ենթակետում նշված որոշման նախագիծը կարող է ներկայացնել Ազգային ժողովի նախագահը և դնել քվեարկության` առանց քննարկման:
8. Հերթական նստաշրջանի օրակարգի նախագծի քննարկումն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի՝ մինչև 5 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով, որտեղ նա, ելնելով քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում նշված նախագծի առաջին մասում ընդգրկված հարցերը, կամ դրանց մի մասը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը: Որոշումն ընդունվելու դեպքում հերթական նստաշրջանի օրակարգի նախագծի առաջին մասի մնացած և երկրորդ մասի բոլոր, իսկ չընդունվելու դեպքում՝ նախագծի առաջին և երկրորդ մասերի բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:
9. Եռօրյա նիստերի օրակարգի նախագծի քննարկումն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի՝ մինչև 5 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով, որտեղ նա, ելնելով քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում եռօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերը կամ դրանց մի մասը եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը: Որոշումն ընդունվելու դեպքում եռօրյա նիստերի օրակարգի նախագծի առաջին մասի մնացած և երկրորդ մասի բոլոր, իսկ չընդունվելու դեպքում՝ նախագծի առաջին և երկրորդ մասերի բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:
10. Սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետում թվարկված հարցերը հերթական նստաշրջանի, իսկ սույն օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ կետում թվարկված հարցերը՝ եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկվում են առանց քվեարկության, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
11. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը եռօրյա նիստերի և հերթական նստաշրջանի օրակարգից կարող է հանվել հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկությամբ կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում: Հեղինակը (հիմնական զեկուցողը) իրավունք ունի այդ առաջարկությունն անել ցանկացած ժամանակ, որն ընդունվում է առանց քվեարկության:
12. Եռօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 2 ժամ առաջ Աշխատակազմն Ազգային ժողովի նիստերի դահլիճում պատգամավորներին է տրամադրում համապատասխան օրակարգերի, դրանցում լրացումներ կատարելու նախագծերը, ինչպես նաև դրանցում ընդգրկված հարցերի նախագծերը: