Հոդված 45. Ազգային ժողովի նիստի վարման կարգը
Հոդված 45. Ազգային ժողովի նիստի վարման կարգը
1. Նիստը վարողը՝
ա) բացում, ընդհատում և փակում է նիստը.
բ) որոշում է օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը.
գ) ձայն է տալիս և ավելացնում ելույթի ժամանակը.
դ) կազմակերպում է պատգամավորների գրանցումը, հերթագրումը, քվեարկության անցկացումը և դրանց արդյունքների հրապարակումը.
ե) համակարգում է նիստն սպասարկող աշխատակիցների աշխատանքը.
զ) կարգազանց պատգամավորի նկատմամբ ձեռնարկում է սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված միջոցները.
է) կարող է ընդմիջել ելույթները՝ նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով.
ը) կարգազանց հրավիրվածներին հեռացնում է նիստերի դահլիճից.
թ) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
2. Կարգազանց են համարվում այն պատգամավորները կամ Ազգային ժողովի նիստում ներկա անձինք, ովքեր նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում և կատարում են սույն օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ:
3. Կարգազանց պատգամավորի նկատմամբ կարող են ձեռնարկվել հետևյալ միջոցները՝
ա) զգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով.
բ ) խոսափողի անջատում.
գ) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում:
4. Եթե նիստում անկարգություն է առաջանում, և նիստը վարողն ի վիճակի չէ վերականգնել նիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է մինչև կես ժամով ընդհատել նիստը:
5. Եթե նիստի վերսկսվելուց հետո անկարգությունը չի դադարում, ապա նիստը վարողը հայտարարում է այն փակված: