Հոդված 11
Հոդված 11
ՏՈԿՈՍՆԵՐ
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն, այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են` այդ Պետության օրենքների համաձայն, բայց եթե տոկոսների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 8 տոկոսը: Պայմանավորվող պետության իրավասու մարմինները սույն սահմանափակման կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:
3. «Տոկոսներ» տերմինը սույն Հոդվածում օգտագործելիս նշանակում է եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից, անկախ հիպոթեքային ապահովումից և անկախ պարտապանի շահույթին մասնակցության իրավունքի առկայությունից և, մասնավորապես, եկամուտ պետական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու մրցանակները: Ժամկետանց վճարման համար գանձվող տույժերը սույն Հոդվածի նպատակներով որպես տոկոսներ չեն դիտարկվում:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ տոկոսների առաջացման աղբյուր հանդիսացող մյուս Պայմանավորվող պետությունում, այնտեղ գտնվող համապատասխանաբար մշտական հաստատության միջոցով կամ մշտական բազայից, և պարտապահանջը, որի կապակցությամբ վճարվում են տոկոսները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության կամ մշտական բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ Հոդվածի կամ 14-րդ Հոդվածի դրույթները:
5. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ Պետության ռեզիդենտ է: Սակայն, այն դեպքում, երբ տոկոսներ վճարող անձը անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որի կապակցությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա այդպիսի տոկոսները համարվում են առաջացած այն պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:
6. Այն դեպքում, երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով, պարտապահանջին վերաբերող վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարին, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն Հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի այլ դրույթները: