Հոդված 3
Հոդված 3
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով`
1) «մի Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, ենթատեքստից կախված, նշանակում են Սերբիա կամ Հայաստան,
2) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է տարածք, ներառյալ` ցամաքը, ջրերը, ընդերքը և օդային տարածքը, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավասությունը` համաձայն ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքին,
3) «Սերբիա» տերմինը նշանակում է Սերբիայի Հանրապետությունը, և երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է Սերբիայի Հանրապետության տարածքը,
4) «ազգային անձ» տերմինը նշանակում է.
- Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,
- Պայմանավորվող պետության գործող օրենսդրության հիման վրա, որպես այդպիսին, կարգավիճակը ստացած ցանկացած իրավաբանական անձ:
5) «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում,
6) «ընկերություն» տերմինը նշանակում է ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ,
7) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են համապատասխանաբար Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,
8) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող նավով, օդանավով կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ նավը, օդանավը կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև,
9) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.
- Սերբիայում` ֆինանսների նախարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը:
- Հայաստանում` ֆինանսների նախարարը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը կամ նրանց լիազոր ներկայացուցիչները
2. Պայմանավորվող պետության կողմից սույն Կոնվենցիան ցանկացած պահի կիրառելիս նրանում չսահմանված ցանկացած տերմին ունի այն նշանակությունը, որն այն ունի այդ պահին այդ պետության իրավունքով այն հարկերի նկատմամբ, որոնց վրա տարածվում է Կոնվենցիան, ընդ որում` այդ պետությունում գործող հարկային օրենքներով սահմանված յուրաքանչյուր նշանակություն գերակայում է այդ պետության այլ օրենքներով այդ տերմինին տրվող նշանակության նկատմամբ: