Հոդված 12
Հոդված 12
ՌՈՅԱԼԹԻՆԵՐ
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող ռոյալթիները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն, այդպիսի ռոյալթիները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են` այդ Պետության օրենքներին համապատասխան, բայց եթե ռոյալթիների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի այդպիսի ռոյալթիների համախառն գումարի 8 տոկոսը: Պայմանավորվող պետության իրավասու մարմինները սույն սահմանափկման կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:
3. «Ռոյալթիներ» տերմինը սույն Հոդվածում օգտագործելիս նշանակում է փոխհատուցման ձևով ստացած ցանկացած տեսակի վճարում` գրական, արվեստաբանական կամ գիտական աշխատանքների, ներառյալ կինոնկարների կամ ռադիո կամ հեռուստատեսային հաղորդումների հեռարձակման համար օգտագործվող ֆիլմերի կամ ձայներիզների, ցանկացած պատենտի, ապրանքային նշանի, նախագծի կամ մոդելի, գծագրի, համակարգչային ծրագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի ցանկացած հեղինակային իրավունքի օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար, կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական սարքավորումների օգտագործման իրավունքի համար, կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկության (նոու-հաու) օգտագործման իրավունքի համար:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են ռոյալթիները` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում` այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ վճարվում են ռոյալթիները, փաստացի կապված են այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքերում, հանգամանքներից կախված, կիրառվում են և-րդ Հոդվածի կամ 14-րդ Հոդվածի դրույթները:
5. Ռոյալթիները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ Պետությունն է: Սակայն այն դեպքում, երբ ռոյալթիներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որոնց կապակցությամբ առաջացել են ռոյալթիներ վճարելու պարտավորությունը և այդպիսի ռոյալթիների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա այդպիսի ռոյալթիները համարվում են առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:
6. Այն դեպքում, երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար վճարվող ռոյալթիների գումարը գերազանցում է այն գումարին, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն Հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի այլ դրույթները: