Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-20-ից մինչև 2017-06-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐԵԼԸ

Հոդված 16. Միջազգային պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ վարելու, միջազգային պայմանագիրը փոխհամաձայնեցնելու և ստորագրելու իրավասություն ունեցող անձինք

գործել է մինչև 2017-06-17Բացել ARLIS-ում

Հոդված 16. Միջազգային պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ վարելու, միջազգային պայմանագիրը փոխհամաձայնեցնելու և ստորագրելու իրավասություն ունեցող անձինք

1. Հայաստանի Հանրապետության Նախագահը, վարչապետը և արտաքին գործերի նախարարը, առանց հատուկ լիազորությունների, իրավունք ունեն բանակցություններ վարելու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի շուրջ և ստորագրելու այն։

Գերատեսչության ղեկավարը, առանց հատուկ լիազորությունների, իրավունք ունի բանակցություններ վարելու միջգերատեսչական պայմանագրի շուրջ և ստորագրելու այն։

Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան ղեկավարը, առանց հատուկ լիազորությունների, իրավունք ունի բանակցություններ վարելու Հայաստանի Հանրապետության և հավատարմագրման պետության միջև կնքվող միջազգային պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ։ Միջազգային խորհրդաժողովում կամ միջազգային կազմակերպությունում կամ դրա մարմիններից որևէ մեկում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու իրավասություն ունեցող անձը, առանց հատուկ լիազորությունների, իրավունք ունի համապատասխան խորհրդաժողովի, միջազգային կազմակերպության կամ նրա մարմնի սահմանած կարգով ընդունելու միջազգային պայմանագրի տեքստը (քվեարկելու տեքստի օգտին)։

Սահմանված կարգով ստեղծված Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջկառավարական հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի անդամները իրավունք ունեն, առանց հատուկ լիազորությունների, բանակցություններ վարելու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կնքման և այդ պայմանագրի տեքստի փոխհամաձայնեցման շուրջ։

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ վարելու և այդ պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելու և ստորագրելու իրավունք ունեն նաև այն անձինք, ովքեր դրա համար ստացել են հատուկ լիազորություններ։

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ վարելու, այդ պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելու և ստորագրելու հատուկ լիազորություններ տալիս են`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ միջպետական պայմանագրի առնչությամբ.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետը` իրավասու գերատեսչության ղեկավարին կամ նրա տեղակալին, օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան ղեկավարին կամ նրան փոխարինողին, հյուպատոսական հիմնարկի ղեկավարին կամ նրան փոխարինողին, միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին կամ նրան փոխարինողին` միջկառավարական պայմանագրի առնչությամբ.

3) արտաքին գործերի նախարարը` Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության, իրավասու գերատեսչության աշխատակազմերի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին` համապատասխան մարմնի ղեկավարի համաձայնությամբ, օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան ղեկավարին կամ նրա տեղակալին, հյուպատոսական հիմնարկի ղեկավարին կամ միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին կամ նրա պարտականությունները կատարող անձին կամ դիվանագիտական ծառայողին` միջկառավարական կամ միջգերատեսչական պայմանագրի առնչությամբ.

4) իրավասու գերատեսչության ղեկավարը` իր տեղակալին կամ գերատեսչության աշխատակազմի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման ղեկավարին կամ նրա փոխարինողին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը` նաև Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին, իսկ օրենքով ստեղծված հանձնաժողովների, խորհուրդների, ծառայությունների ղեկավարները` նաև դրանց կոլեգիալ մարմինների անդամներին` միջգերատեսչական պայմանագրի առնչությամբ։

3. Հատուկ լիազորությունները կարող են տրվել`

1) միջազգային պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ վարելու.

2) միջազգային պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելու.

3) միջազգային պայմանագիրը ստորագրելու համար։

Հատուկ լիազորությունները կարող են միանգամից տրվել նաև սույն մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված գործողություններից երկուսը կամ բոլորը կատարելու համար։

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հատուկ լիազորությունները ստանալու համար իրավասու գերատեսչությունը լիազորվող պաշտոնատար անձի համար համապատասխան լիազորություն ստանալու վերաբերյալ գրավոր դիմում է ներկայացնում արտաքին գործերի նախարարություն, բացառությամբ այն դեպքերի, երբ լիազորագիրը տալու է իրավասու գերատեսչության ղեկավարը` միջգերատեսչական միջազգային պայմանագրի առնչությամբ։

Լիազորագիր ստանալու համար արտաքին գործերի նախարարությունը դիմում է համապատասխան իրավասու մարմին կամ պաշտոնատար անձի։

(16-րդ հոդվածը խմբ. 03.07.07 ՀՕ-194-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։