Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-20-ից մինչև 2017-06-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐԵԼԸ

Հոդված 19. Միջազգային պայմանագիրը ստորագրելը, ստորագրման հետ կապված հայտարարություն, վերապահում կամ մյուս կողմի արած հայտարարության կամ վերապահման դեմ առարկություն անելը

գործել է մինչև 2017-06-17Բացել ARLIS-ում

Հոդված 19. Միջազգային պայմանագիրը ստորագրելը, ստորագրման հետ կապված հայտարարություն, վերապահում կամ մյուս կողմի արած հայտարարության կամ վերապահման դեմ առարկություն անելը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ստորագրումը դրա կնքման փուլ է, որով ավարտվում են դրա շուրջ բանակցությունները, այդ պայմանագրի նախագծի վերջնական փոխհամաձայնեցումը, որի ընթացքում սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով փոխհամաձայնեցված պայմանագիրը` ի հաստատումն դրա տեքստի հետ ամբողջական համաձայնության, հայկական կողմից ստորագրում են սույն օրենքի 16-17-րդ հոդվածներով այդպիսի իրավասություն կամ հատուկ լիազորություններ ունեցող անձը և պայմանագրի մյուս կողմի իրավասու անձը, որից հետո պայմանագիրը ենթակա է վավերացման կամ հաստատման` սույն օրենքով սահմանված կարգով։

2. Եթե միջազգային պայմանագրով նախատեսվում է, որ դա ուժի (գործողության) մեջ է մտնում ստորագրման պահից, կամ մինչև ուժի մեջ մտնելը պայմանագիրը ամբողջությամբ կամ որոշակի մասով կարող է ժամանակավորապես կիրառվել, ապա հայկական կողմից այդ պայմանագիրն ստորագրելու իրավասություն կամ հատուկ լիազորություն ունեցող անձը պարտավոր է բանակցությունների ընթացքում` նախքան ստորագրելը, մյուս կողմի հետ հասնել այն բանին, որ տեքստի նման դրույթները փոխարինվեն այնպիսի դրույթներով, որոնք բացառեն հայկական կողմի համար պայմանագրի կիրառումը նախքան սույն օրենքով սահմանված կարգով դրա վավերացումը կամ հաստատումը։

Այդպիսի համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում հայկական կողմից իրավասու կամ հատուկ լիազորություններ ունեցող անձը նման դրույթներ պարունակող պայմանագիրն ստորագրելիս պետք է վերապահում կատարի` նշելով, որ այդ պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտնելու (կիրառվելու է) ներպետական ընթացակարգերով այն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո։

Հայկական կողմը միջազգային պայմանագիր ստորագրելիս կարող է դրա վերաբերյալ անել նաև այլ վերապահում, հայտարարություն, ինչպես նաև տվյալ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ անել առարկություն` այդ պայմանագրով կամ միջազգային իրավունքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։

3. Նախքան ստորագրելը միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն, այդ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության Նախագահը, վարչապետը, արտաքին գործերի նախարարը, իրավասու գերատեսչության ղեկավարը։

Միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն, այդ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկության նախագիծը մշակում է իրավասու գերատեսչությունը` համաձայնեցնելով արտաքին գործերի նախարարության, արդարադատության նախարարության, իսկ մինչ այդ անհրաժեշտության դեպքում` շահագրգիռ մյուս գերատեսչությունների հետ։

Եթե միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն, այդ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու նախաձեռնությունը դրսևորվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարության կողմից, ապա համապատասխան նախագիծը կարող է կազմել արտաքին գործերի նախարարությունը` համաձայնեցնելով արդարադատության նախարարության և իրավասու գերատեսչության հետ. վերջինս մինչ այդ անհրաժեշտության դեպքում կարող է ստանալ դրա վերաբերյալ շահագրգիռ մյուս գերատեսչությունների կարծիքները։

Եթե հայկական կողմից ստորագրվելիք միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն կամ այդ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու անհրաժեշտությունն առաջացել է միջազգային պայմանագիրը հայկական կողմից ստորագրելու պահից առաջ, ապա համապատասխան վերապահման, հայտարարության, այդ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկության տեքստը մշակում է տվյալ միջազգային պայմանագիրն ստորագրելու իրավասություն ունեցող կամ դրա համար հատուկ լիազորություն ստացած անձը` արտաքին գործերի նախարարության և իրավասու գերատեսչության լիազոր պաշտոնատար անձանց մասնակցությամբ, իսկ վերջիններիս բացակայության կամ մասնակցության անհնարինության դեպքում` անձամբ։

Եթե միջազգային պայմանագիրը ստորագրելիս հայկական կողմի հայտարարության, վերապահման կամ տվյալ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ հայկական կողմի առարկության տեքստը կազմելը հնարավոր չէ, ապա պայմանագիրը ստորագրող հայկական կողմի պաշտոնատար անձը նշում է, որ վերապահում, հայտարարություն կամ առարկություն կարվի ավելի ուշ։

4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ստորագրմանը հավասարազոր է ճանաչվում դիվանագիտական ուղիներով և միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով նոտաների կամ նամակների փոխանակման միջոցով կողմերի միջև համաձայնության ձեռքբերումը։

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրի վերաբերյալ ուղարկվող համապատասխան նոտային կամ նամակին կարող են կցվել դրա վերաբերյալ հայկական կողմի վերապահումը, հայտարարությունը, տվյալ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ հայկական կողմի առարկությունը։

Նախքան նոտան կամ նամակը միջազգային պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին իրազեկելու համար փոխանցելը այդ պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի վերապահման, հայտարարության կամ տվյալ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ հայկական կողմի առարկության տեքստի պատրաստման նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասի առաջին և երկրորդ պարբերություններով սահմանված կանոնները։

5. Ստորագրված միջազգային պայմանագրի տեքստը կարող է փոփոխվել կամ լրացվել միայն սույն օրենքի 29-30-րդ հոդվածներով, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերով նախատեսված այլ դեպքերում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։