Հոդված 63. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը վերանայելը
Հոդված 63. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը վերանայելը
1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում, արտաքին գործերի նախարարությունը ստուգում է Հայաստանի Հանրապետության կողմից «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման և չեղյալ հայտարարման մասին» 1992 թվականի հունիսի 6-ի ՀՕ-30 օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ, ինչպես նաև դրանից հետո` նշված օրենքով սահմանված ներպետական ընթացակարգերի չպահպանումով արված հայտարարությունների, նոտաների կամ նամակների փոխանակման հիման վրա, ներառյալ` իրավահաջորդության կարգով Հայաստանի Հանրապետության համար պարտադիր ճանաչված կամ օրենքի խախտումով գործնականորեն Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվող միջազգային պայմանագրերի գործողությունը շարունակելու նպատակահարմարության կամ այն դադարեցնելու անհրաժեշտության հարցը` իրավասու գերատեսչությունների գրավոր կարծիքների հիման վրա։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունների արդյունքում ստացված կարծիքների ամփոփումից հետո անհրաժեշտության դեպքում արտաքին գործերի նախարարությունը արդարադատության նախարարություն է ներկայացնում սույն հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համար պարտադիր ճանաչված երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի ցուցակը` այդ պայմանագրերի դրույթների և Հայաստանի Հանրապետության օրենքների միջև հակասության առկայության կամ բացակայության մասին տեղեկանքներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` դրանցով ֆինանսական պարտավորություններ նախատեսելու կամ չնախատեսելու մասին տեղեկանքներ ստանալու համար։
Տեղեկանքներն ստանալուց հետո արտաքին գործերի նախարարությունը, համաձայնեցնելով իրավասու գերատեսչության և արդարադատության նախարարության հետ, նախաձեռնում է`
1) տվյալ միջազգային պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության համար դադարեցնելու կամ
2) տվյալ միջազգային պայմանագիրը սույն օրենքով սահմանված կարգով Ազգային ժողովի վավերացմանը կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնելու ընթացակարգերի իրականացումը: