Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-20-ից մինչև 2017-06-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼԸ, ՀԱՍՏԱՏԵԼԸ

Հոդված 26. Միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման ընթացակարգեր իրականացնելը

գործել է մինչև 2017-06-17Բացել ARLIS-ում

Հոդված 26. Միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման ընթացակարգեր իրականացնելը

1. Հայկական կողմի ստորագրած միջազգային պայմանագիրը վավերացման կամ հաստատման ներկայացնելու նպատակով այդ պայմանագիրն ստորագրվելուց հետո` եռամսյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունը պայմանագրի հայերեն բնօրինակի պատճենը, իսկ հայերեն ստորագրված չլինելու դեպքում դրա սահմանված կարգով թարգմանված հայերեն տարբերակի նույնականացված տեքստի պատճենը ներկայացնում է`

1) արդարադատության նախարարություն` ստորագրված միջազգային պայմանագրի դրույթների և Հայաստանի Հանրապետության օրենքների կամ այլ նորմատիվ իրավական ակտերի միջև հակասության, այդ պայմանագրում Հայաստանի Հանրապետության նոր օրենք կամ այլ նորմատիվ իրավական ակտ ընդունելու կամ գործող օրենքում կամ այլ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու նորմերի առկայության կամ բացակայության մասին տեղեկանք ներկայացնելու համար.

2) ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` ստորագրված միջազգային պայմանագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության կամ բացակայության մասին տեղեկանք ներկայացնելու համար.

3) իրավասու գերատեսչություն` ստորագրված միջազգային պայմանագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանք և այդ պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի վերապահման, հայտարարության, պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ հայկական կողմի առարկության տեքստի նախագիծ, իսկ դրանց անհրաժեշտության բացակայության դեպքում` այդ մասին տեղեկանք, ինչպես նաև վավերացման ենթակա միջազգային պայմանագիրը Սահմանադրական դատարանում և Ազգային ժողովում ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի թեկնածությունը ներկայացնելու համար։

Սույն մասով նախատեսված տեղեկանքները պետք է արտաքին գործերի նախարարություն ներկայացվեն այդ հարցով վերջինիս գրությունն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում։

Եթե սույն մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մարմինները համապատասխան տեղեկանքներ տրամադրելու նպատակով արտաքին գործերի նախարարությունից միաժամանակ ստացել են մեկից ավելի ստորագրված միջազգային պայմանագիր (փաթեթով), ապա տեղեկանքները պետք է տրվեն փաթեթն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 20-օրյա ժամկետում։ Ընդ որում, յուրաքանչյուր միջազգային պայմանագրի վերաբերյալ պետք է կազմվի առանձին տեղեկանք։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկանքներն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունը միջազգային պայմանագրի պատճենը` պայմանագրի ստորագրումից հետո դրա մյուս կողմի ներպետական ընթացակարգերի կատարման ընթացքի վերաբերյալ իր տեղեկանքով, ինչպես նաև պայմանագիրը ընթացիկ ժամանակահատվածում վավերացնելու կամ հաստատելու նպատակահարմարության կամ նշված գործընթացները կասեցնելու հիմնավոր եզրակացությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններն իրականացնելիս արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է միջազգային պայմանագրի հայերեն բնօրինակի պատճենը, իսկ եթե այն հայերենով չի ստորագրվել` դրա օտար լեզվով բնօրինակի պատճենը` հայերեն թարգմանված և նույնականացված տեքստի պատճենով, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գերատեսչությունների ներկայացրած փաստաթղթերի պատճենները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։