Հոդված 24. Վավերացման ենթակա միջազգային պայմանագիրը
Հոդված 24. Վավերացման ենթակա միջազգային պայմանագիրը
1. Վավերացման ենթակա է ստորագրված միջպետական միջազգային պայմանագիրը, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերի։
2. Վավերացման ենթակա է նաև ստորագրված այն միջկառավարական պայմանագիրը`
1) որը վերաբերում է մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին.
2) որը ֆինանսական պարտավորություններ է նախատեսում Հայաստանի Հանրապետության համար.
3) որի կիրառումը նախատեսում է օրենքների փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում կամ սահմանում է օրենքներին հակասող նորմեր.
4) որը վերաբերում է սույն օրենքով սահմանված կարգով վավերացված միջազգային պայմանագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելուն, բացառությամբ սույն օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի.
5) որով նախատեսված է վավերացում։
3. Վավերացման ենթակա է նաև ստորագրված այն միջգերատեսչական պայմանագիրը, որով նախատեսվում է ստեղծել կամ հիմնադրել միջգերատեսչական (միջբանկային) կազմակերպություն կամ այդ կազմակերպությանն անդամակցում, և եթե այդ պայմանագիրը նախատեսում է պարտադիր վճարումներ կատարել տվյալ կազմակերպությանը, ինչպես նաև, եթե տվյալ միջգերատեսչական պայմանագրով նախատեսված է դրա վավերացում։
4. Սույն մասի 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող միջազգային պայմանագիր է վարկեր, փոխառություններ, երաշխիքներ ստանալուն կամ տրամադրելուն, միջպետական կամ միջկառավարական հիմնադրամների ձևավորման նպատակով դրամական միանվագ կամ պարբերական մուծումներ նախատեսող կամ միջկառավարական, միջգերատեսչական (միջբանկային) այնպիսի միջազգային կազմակերպության ստեղծման (հիմնադրման) դրույթներ պարունակող միջազգային պայմանագիրը, որի համար Հայաստանի Հանրապետությունը պարտավորված է լինելու կատարել միանվագ կամ պարբերաբար դրամական մուծումներ կամ նախատեսում է այլ ֆինանսական պարտավորությունների ստանձնում:
Սույն օրենքով ֆինանսական պարտավորություններ չեն համարվում միջազգային պայմանագրով ստանձնած այն պարտավորությունները, որոնք թեև հայկական կողմի համար նախատեսում են դրամական մուծումներ կամ հատկացումներ կատարել, սակայն դրանք Հայաստանի Հանրապետության բյուջեի կամ համայնքային բյուջեների եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման չեն հանգեցնում:
Մասնավորապես ֆինանսական պարտավորություններ չեն համարվում հարկային, մաքսային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարումների գծով արտոնություններ սահմանող, գործուղումների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների ընդունելության, բնակարանների և այլ գույքի վարձակալության հետ կապված պարտավորությունները, ինչպես նաև այն միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, որոնցով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում են մարդասիրական օգնություն, նվիրատվություն, դրամաշնորհ, կամ նախատեսվում են իրականացնել տեխնիկատնտեսական, ֆինանսական կամ այլ համագործակցություն` առանց պայմանագրի մյուս կողմի օգտին հայկական կողմի վրա փոխադարձ ֆինանսական կամ որևէ այլ գույքային այնպիսի պարտավորություն դնելու, որը նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով։
(24-րդ հոդվածը լրաց. 03.07.07 ՀՕ-194-Ն)