Հոդված 18. Միջազգային պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելը
Հոդված 18. Միջազգային պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելը
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցվում է նախաստորագրման կամ սույն հոդվածի 3-դ մասով նախատեսված որևէ այլ ձևով։
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նախաստորագրումը այդ պայմանագրի կնքման ոչ պարտադիր փուլ է, որի ընթացքում սույն օրենքի 16-17-րդ հոդվածներով իրավասու կամ հատուկ լիազորություններ ստացած անձը միջազգային պայմանագրի յուրաքանչյուր էջի վրա նշագրում կատարելու միջոցով հավաստում է գրավոր տեքստի վերաբերյալ հայկական կողմի նախնական համաձայնությունը։
2. Միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից կարող է նախաստորագրվել միայն այդ պայմանագրի նախագծի մշակման և նախաստորագրման համար սույն օրենքի 8-12-րդ և 14-15-րդ հոդվածներով, իսկ սույն օրենքով սահմանված կարգով կնքված միջազգային պայմանագրից բխող միջազգային պայմանագրի կնքման դեպքում` սույն օրենքի 11-12-րդ և 14-16-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգերն ավարտվելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ այդպիսի պայմանագիր կնքելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության կամ վարչապետի տված հանձնարարականով կամ առաջարկությունով կամ պայմանագրի մյուս կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ, կամ եթե այդ պայմանագիրը չի դասվում սույն օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի շարքին։
3. Միջազգային պայմանագրի տեքստը կարող է փոխհամաձայնեցվել նաև հետևյալ որևէ ձևով.
1) պայմանագրի տեքստը դիվանագիտական ուղիներով մյուս կողմին ուղարկելու և այդ տեքստին համաձայն լինելու մասին այդ կողմի պաշտոնական ծանուցումը դիվանագիտական ուղիներով հայկական կողմի ստանալու միջոցով.
2) փոխհամաձայնեցման համար հայկական և պայմանագրի մյուս կողմի լիազորված պաշտոնատար անձանց կողմից պայմանագրի տեքստի փոխհամաձայնեցման մասին համատեղ արձանագրություն ստորագրելու միջոցով.
3) միջազգային կազմակերպության շրջանակներում և դրա կանոնակարգերով սահմանված կարգով կազմված միջազգային պայմանագրի տեքստի փոխհամաձայնեցման նպատակով այդ կազմակերպության հրավիրած դիվանագիտական կամ այլ խորհրդաժողովի կողմից տեքստի փոխհամաձայնեցման մասին արձանագրություն կամ այլ փաստաթուղթ ստորագրելու միջոցով, անկախ նրանից` Հայաստանի Հանրապետությունը մասնակցել է այդ պայմանագրի նախագծի մշակմանը կամ դրա տեքստի փոխհամաձայնեցման համար հրավիրված խորհրդաժողովի նիստին, թե ոչ։
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված կարգով փոխհամաձայնեցված միջազգային պայմանագրի տեքստը մինչև դրա ստորագրումը կարող է փոփոխվել կողմերի միջև լրացուցիչ ձեռք բերված պայմանավորվածության դեպքում։
5. Միջպետական կամ միջկառավարական միջազգային պայմանագրի նախաստորագրումից կամ այլ ձևով դրա տեքստի փոխհամաձայնեցումից հետո` ստորագրումից առնվազն 10 օր առաջ, արտաքին գործերի նախարարությունն այդ մասին ծանուցում է Հայաստանի Հանրապետության Նախագահին և կառավարությանը` հնարավորինս հայտնելով դրա ստորագրման վայրի և ժամկետի, ինչպես նաև ստորագրման պահին այդ պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն կամ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ հայկական կողմից առարկություն արվելու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին։
Հայաստանի Հանրապետության Նախագահը, վարչապետը կարող են հանձնարարականներ տալ սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված պայմանագրի ստորագրման հետ կապված հարցերով։