Հոդված 52. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կատարելը
Հոդված 52. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կատարելը
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարողը այն գերատեսչությունն է, որի իրավասության ոլորտին առնչվող հարաբերություններ են կարգավորվում այդ պայմանագրով (այսուհետ` պատասխանատու գերատեսչություն)։
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կարգավորվող հարաբերությունները մտնում են մի քանի գերատեսչությունների իրավասության ոլորտների մեջ, ապա տվյալ միջազգային պայմանագրի կատարման պատասխանատուներն են այդ բոլոր գերատեսչությունները` իրենց իրավասությանն առնչվող մասերով։
Եթե մի քանի գերատեսչությունների իրավասության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրի կարգավորման առարկայից կամ դրանով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների էությունից բխում է, որ կատարման համար պատասխանատու գերատեսչությունները պետք է կատարման ընթացքում համակարգեն կամ փոխհամաձայնեցնեն իրենց գործողությունները, ապա նրանք պարտավոր են ապահովել նման համակարգումը կամ փոխհամաձայնեցումը, որը չի բացառում սույն օրենքի 56-րդ հոդվածով արտաքին գործերի նախարարությանը վերապահված համապատասխան գործառույթի իրականացումը։
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու գերատեսչությունը կամ գերատեսչությունները, ըստ անհրաժեշտության, կամ ի կատարումն սույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ակտերի, ընդունում են գերատեսչական իրավական ակտեր` միջազգային պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով։
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու են մի քանի գերատեսչություններ, և պայմանագրի կատարման ապահովման համար անհրաժեշտ է կամ նպատակահարմար է ընդունել համատեղ իրավական ակտ, ապա նրանք պարտավոր են ընդունել նման ակտ։
3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կառավարվող հարաբերությունների էությունից, պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակից, պայմանագրի նշանակությունից հետևում է, որ կատարմանը պետք է ներգրավվեն նաև պետական այլ մարմիններ, ներառյալ` տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ապա տվյալ միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու գերատեսչությունը նշված մարմիններին պարտավոր է գրավոր տեղեկացնել այդ մասին և ըստ անհրաժեշտության պարզաբանումներ տալ պայմանագրի կատարման կապակցությամբ նրանց իրավունքների և պարտականությունների, դրանց հետ կապված` այդ մարմինների առջև դրված խնդիրների և լուծման ենթակա այլ հարցերի վերաբերյալ։
4. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորություններից հետևում է, որ դրանց կատարմանը պետք է մասնակցեն նաև Հայաստանի Հանրապետության առևտրային և այլ կազմակերպություններ, ապա պայմանագրի կատարման համար պատասխանատու գերատեսչությունը կամ գերատեսչությունները` յուրաքանչյուրն իր մասով, պարտավոր է ապահովել այդ կազմակերպությունների մասնակցությունը պայմանագրի կատարմանը` իրականացնելով դրանից բխող գործողություններ։
5. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու գերատեսչությունը դրանով ապահովում է Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը և այդ գործին այլ մարմինների մասնակցությունը, իրականացնում է պայմանագրից բխող հայկական կողմին վերապահված իրավունքները, ինչպես նաև հետևում է պայմանագրի մյուս կողմի ստանձնած պարտավորությունների կատարմանը։
Պատասխանատու գերատեսչության, տվյալ միջազգային պայմանագրին համապատասխան նշանակված կամ ստեղծված լիազոր մարմնի կամ մարմինների գրավոր խնդրանքով Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև իրավաբանական անձինք, անհրաժեշտության դեպքում նաև ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց իրավասությանը վերաբերող հարցերով ներկայացնել տեղեկատվություն` տվյալ միջազգային պայմանագրի կատարմանն առնչվող հարցերով։
6. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի մյուս կողմի ստանձնած պարտավորությունների կատարմանը պետք է նպաստի այդ կողմի պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, իսկ եթե կողմը միջազգային կազմակերպություն է` այդ կազմակերպությունում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը։ Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, դիվանագիտական ներկայացուցչությունը միջազգային իրավունքով սահմանված կարգով կարող են դիմել այդ մյուս կողմի իրավասու մարմիններ` տվյալ միջազգային պայմանագրով այդ կողմի ստանձնած պարտավորությունների կատարմանը վերաբերող հարցերով։
Ստացված տեղեկատվությունը դեսպանությունը, դիվանագիտական ներկայացուցչությունը սահմանված կարգով ներկայացնում են արտաքին գործերի նախարարություն, վերջինս` իրավասու գերատեսչություններ։
7. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման ընթացքում պատասխանատու գերատեսչությունը պայմանագրի մյուս կողմի իրավասու մարմինների հետ հաղորդակցվում է արտաքին գործերի նախարարության միջոցով, իսկ տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում` կենտրոնական մարմինների միջոցով կամ անմիջականորեն։
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված է, որ դրա կատարման հարցերով մյուս կողմի իրավասու մարմինների հետ կարող են անմիջականորեն հաղորդակցվել պայմանագրի կատարմանը ներգրավված Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններ, ապա վերջիններս, իրականացնելով անմիջական հաղորդակցություն, իրավասու գերատեսչությանը գրավոր ծանուցում են այդ մասին, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։
8. Եթե սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում հղումներ կան այդ պայմանագրի կատարման ընթացքում հաշվի առնելու կամ կիրառելու նաև այնպիսի միջազգային պայմանագիր, որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ չէ, ապա Հայաստանի Հանրապետության կողմից այդ պայմանագիրը ենթակա է կատարման միայն այն ծավալով, որը համատեղվում է այն պայմանագրով ստանձնած պարտավորությունների հետ, որում հղում է արվում այդ մյուս պայմանագրին և այդ ծավալի միայն այն մասով, որը Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող կամ նոր օրենք ընդունելու պահանջներ նախատեսող դրույթներ չի պարունակում։
Իրավասու գերատեսչությունը պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով ընթացակարգեր նախաձեռնել` հղումով նշված միջազգային պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու համար։
Բոլոր դեպքերում հղումով նշված միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար անմիջական պարտավորություններ չի կարող առաջացնել, քանի դեռ այդ պայմանագրով և սույն օրենքով սահմանված կարգով այն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ չի մտել։