Հոդված 11
Հոդված 11
Հատուկ սուբսիդիայի թույլատրելիության չափանիշները
1. Հատուկ սուբսիդիան թույլատրելի է, եթե այն համապատասխանում է հետևյալ չափանիշներից մեկին կամ մի քանիսին՝
1) հատուկ սուբսիդիան սակավանշանակ է (մեկ ստացողի (ձեռնարկության) հաշվով 100 հազ. դոլարի չափով).
2) հատուկ սուբսիդիան ուղղված է համատեղ նախագծի իրագործմանը, այդ թվում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից հաստատվող՝ Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններին համապատասխան: Այդպիսի համատեղ նախագծերը պետք է ուղղված լինեն այնպիսի արտադրանքի արտադրությանը, որը Միության մաքսային տարածքում չի արտադրվում կամ արտադրվում է ոչ բավարար քանակությամբ.
3) հատուկ սուբսիդիան ուղղված է գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական, այդ թվում՝ համատեղ աշխատանքների անցկացմանը՝ բարձր տեխնոլոգիական արտադրությունները խթանելու նպատակով.
4) հատուկ սուբսիդիան ուղղված է նորարարական գործունեությանը.
5) հատուկ սուբսիդիան ուղղված է Միության մաքսային տարածքում նույնանմանը չունեցող արդյունաբերական ապրանքի արտադրությանը.
6) հատուկ սուբսիդիան ուղղված է արդյունաբերական այն ապրանքի (որի ծածկագիրը սահմանված է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 10 նիշի մակարդակով) արտադրությանը, որը Միության մաքսային տարածքում արտադրվում է ոչ բավարար քանակությամբ.
7) հատուկ սուբսիդիան ուղղված է տարերային աղետների կամ որևէ այլ արտակարգ պատահարների հետևանքով պատճառված նյութական վնասի փոխհատուցմանն այն չափով, որն անհրաժեշտ է պատճառված վնասը փոխհատուցելու համար.
8) հատուկ սուբսիդիան ուղղված է ձեռնարկություններին օգնության ցուցաբերմանը՝ խորհրդատվական ծառայությունների, առևտրային տոնավաճառներում մասնակցության կազմակերպման հարցերով ծառայությունների, հիմնարար հետազոտությունների անցկացման (այդ թվում` մեծամասշտաբ), կիրառական արդյունաբերական մշակումների իրագործման (դրանց արժեքի մինչև 70 տոկոսը), արդյունաբերական սեփականության լիցենզիաներ և իրավունքներ ստանալու համար կատարված ծախսերի (այն չափով, որը հավասար է գիտահետազոտական աշխատանքների անցկացման ծախսերին, որոնց արդյունքը եղել է այդ իրավունքներն ստանալը) արժեքի մինչև կեսի չափով վճարման մասով։
Այդպիսի ձեռնարկությունների աշխատողների միջին ցուցակային թիվը սահմանվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից.
9) հատուկ սուբսիդիան ուղղված է ձեռնարկությունների աշխատակիցների մասնագիտական որակավորման մակարդակի բարձրացման հարցում օգնության ցուցաբերմանը: Այն ծրագրերի սուբսիդավորումը, որոնց նպատակը ձեռնարկությունների աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության ընդհանուր մակարդակը բարձրացնելն է, սահմանվում է դրանց արժեքի 50 տոկոսի սահմաններում այն ձեռնարկությունների համար, որոնց աշխատողների միջին ցուցակային թիվը նախորդ օրացուցային տարվա կտրվածքով գերազանցում է 250-ը, և 70 տոկոսի սահմաններում այն ձեռնարկությունների համար, որոնց աշխատողների միջին ցուցակային թիվը նախորդ օրացուցային տարվա կտրվածքով չի գերազանցում 250-ը.
10) հատուկ սուբսիդիան ուղղված է ոչ կայուն կամ ճգնաժամային ֆինանսական վիճակում գտնվող և վերակազմավորվող ձեռնարկություններին օգնության ցուցաբերմանը:
Թույլատրվում է սուբսիդավորել այն ձեռնարկությունները, որոնք ապացուցել են իրենց ոչ կայուն կամ ճգնաժամային ֆինանսական վիճակը։
Ոչ կայուն ֆինանսական վիճակը բնութագրվում է ֆինանսական կարգապահության խախտմամբ (աշխատանքի վարձատրության ուշացում, պահուստային ֆոնդից դրամական միջոցների օգտագործում և այլն), ձեռնարկության հաշվարկային հաշիվներին դրամական միջոցների մուտքի և վճարումների ընդհատումներով, հասույթի անկանոն մուտքով, շահույթի բացակայությամբ։
Ճգնաժամային ֆինանսական վիճակը բնութագրվում է սույն ենթակետի երրորդ պարբերության մեջ նշված ոչ կայուն վիճակի նշանների հետ մեկտեղ՝ կանոնավոր չկատարվող վճարումների (բանկերի ժամկետանց փոխատվությունների, մատակարարների նկատմամբ ապրանքանյութական արժեքների դիմաց ունեցած պարտքերի, բյուջեներ և արտաբյուջետային ֆոնդեր կատարվող վճարների գծով ապառքների) առկայությամբ։
Կազմակերպությունները կարող են ստանալ սուբսիդիաներ ֆինանսական կայունության վերականգնման և վերակազմավորման համար՝ դրանց պետական գրանցման օրվանից 3 տարին լրանալուց հետո:
Վերակազմավորման գործում ձեռնարկության սեփական ֆինանսական ներդրումը պետք է կազմի 25 տոկոսից ոչ պակաս, եթե Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
Այդպիսի սուբսիդիան կարող է համաձայնեցվել ձեռնարկությունը ճգնաժամային վիճակից կայուն վիճակի անցնելու համար անհրաժեշտ ժամկետով, սակայն 5 տարուց ոչ ավելի.
11) հատուկ սուբսիդիան տրամադրվում է Արձանագրության VII բաժնով նախատեսված նպատակներով և պայմաններով.
12) հատուկ սուբսիդիան ուղղված է ձևավորման նախնական փուլում գտնվող ձեռնարկություններին օգնության ցուցաբերմանը, եթե սուբսիդավորման մակարդակը չի գերազանցում կապիտալ ներդրումների ընդհանուր գումարի 30 տոկոսը.
13) հատուկ սուբսիդիան ուղղված է օգնության ցուցաբերմանը՝ գոյություն ունեցող արտադրական հզորությունները Միության ստանդարտներին հարմարեցնելու նպատակով՝
արտադրանքի փորձարկումների անցկացման համար կատարված ծախսերի փոխհատուցմանը՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին դրա համապատասխանության գնահատումը կատարելու նպատակով.
փորձարկման լաբորատորիաների կառուցման և արդիականացման համար կատարված ծախսերի փոխհատուցմանը.
14) հատուկ սուբսիդիան ուղղված է օգնության ցուցաբերմանը՝ համապատասխան միջազգային ստանդարտների կամ դրանց հիման վրա ընդունված, համապատասխան միջազգային ստանդարտների հետ նույնական միջպետական ստանդարտների պահանջներին արդյունաբերական արտադրանքի համապատասխանությունն ապահովելու նպատակով.
15) հատուկ սուբսիդիան տրամադրվում է այն արդյունաբերական ապրանքի առնչությամբ, որը ճանաչվել է անդամ պետությունների կողմից համատեղ արտադրված՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող կարգին համապատասխան:
2. Սույն հոդվածի 1-ին կետի 1-4-րդ, 6-10-րդ, 12-րդ և 15-րդ ենթակետերում նշված չափանիշների կիրառման պայմանները սահմանվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից:
3. Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից կարող են սահմանվել հատուկ սուբսիդիաների թույլատրելիության այլ չափանիշներ։