Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Հատուկ սուբսիդիաների համաձայնեցման մասին անդամ պետությունների դիմումների ուսումնասիրումը Հանձնաժողովի կողմից

1. Տրամադրման համար նախատեսված կամ տրամադրված հատուկ սուբսիդիայի համաձայնեցումն իրականացվում է Հանձնաժողով ուղարկվող՝ լիազորված մարմնի հատուկ սուբսիդիայի համաձայնեցման մասին դիմումի (այսուհետ՝ համաձայնեցման մասին դիմում) հիման վրա: Պատասխանատու դեպարտամենտը մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին տեղեկացնում է Հանձնաժողովում համաձայնեցման մասին դիմումն ստանալու մասին՝ Հանձնաժողովում դրա գրանցման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

2. Համաձայնեցման մասին դիմումի մեջ նշվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) համաձայնեցման մասին դիմումն ուղարկած լիազորված մարմնի մասին տեղեկություններ.

2) սուբսիդիայի իրացման համար պատասխանատու լիազորված մարմնի (անդամ պետության կողմից լիազորված կառույցի) մասին տեղեկություններ.

3) հատուկ սուբսիդիայի տրամադրումը նախատեսող նորմատիվ իրավական ակտի (նորմատիվ իրավական ակտի նախագծի) մասին տեղեկություններ (վավերապայմանները և անվանումը).

4) սուբսիդիայի հատուկ լինելը հաստատող տեղեկություններ.

5) հատուկ սուբսիդիայի, դրա տրամադրման ձևի և նպատակների նկարագրությունը.

6) ֆինանսավորման աղբյուրի և հնարավոր ստացողի մասին տեղեկություններ.

7) արդյունաբերության ճյուղի և ապրանքի մասին տեղեկություններ (նշելով Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ)).

8) ժամկետը, որով տրամադրվում է հատուկ սուբսիդիան.

9) հատուկ սուբսիդիայի չափը.

10) Միության ներքին շուկայի վրա հատուկ սուբսիդիայի ազդեցության մասին տեղեկություններ:

3. Համաձայնեցման մասին դիմումի ձևը և դրա լրացման կարգը հաստատվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից։

4. Համաձայնեցման մասին դիմումն ուղարկած լիազորված մարմնի կողմից սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկություններն ամբողջ ծավալով ներկայացնելու դեպքում պատասխանատու դեպարտամենտը՝ Հանձնաժողովում համաձայնեցման մասին դիմումի գրանցման օրվանից 10 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում ընդունում է համաձայնեցման ընթացակարգն սկսելու մասին որոշում և համապատասխան ծանուցում է ուղարկում լիազորված մարմիններին։

5. Հատուկ սուբսիդիայի համաձայնեցման ընթացակարգն սկսելու մասին ծանուցումը պետք է պարունակի՝

1) համաձայնեցման մասին դիմում ներկայացրած անդամ պետության անվանումը.

2) տեղեկություններ անդամ պետության այն վարչատարածքային միավորի մասին, որտեղ պլանավորվում է հատուկ սուբսիդիայի տրամադրումը կամ այն արդեն տրամադրվել է.

3) համաձայնեցման մասին դիմումն ուղարկած լիազորված մարմնի անվանումը.

4) հատուկ սուբսիդիայի հակիրճ նկարագրությունը, դրա տրամադրման նպատակների և հնարավոր ստացողի մասին տեղեկություններ.

5) հատուկ սուբսիդիայի տրամադրումը նախատեսող նորմատիվ իրավական ակտի (նորմատիվ իրավական ակտի նախագծի) մասին տեղեկություններ (վավերապայմանները և անվանումը).

6) տեղեկություններ արդյունաբերության ճյուղի և ապրանքի մասին (նշելով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը).

7) ժամկետը, որով տրամադրվում է հատուկ սուբսիդիան.

8) հատուկ սուբսիդիայի չափը։

6. Համաձայնեցման մասին դիմումն ուղարկած լիազորված մարմնի կողմից սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկություններն ամբողջ ծավալով չներկայացվելու դեպքում պատասխանատու դեպարտամենտը՝ Հանձնաժողովում համաձայնեցման մասին դիմումի գրանցման օրվանից 10 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում այդ լիազորված մարմնից պահանջում է բացակայող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները։ Հարցումը համարվում է լիազորված մարմնի կողմից ստացված` հարցումը փոստային կապի միջոցով ուղարկելու օրվանից 7 օրացուցային օրը լրանալուց հետո:

Համաձայնեցման մասին դիմումն ուղարկած լիազորված մարմինը՝ նշված հարցումն ստանալու օրվանից 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում ներկայացնում է բացակայող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները։

Այն դեպքում, երբ համաձայնեցման մասին դիմումն ուղարկած լիազորված մարմինը չի կարող սահմանված ժամկետում ներկայացնել պատասխանատու դեպարտամենտի կողմից պահանջվող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, նշված ժամկետը կարող է պատասխանատու դեպարտամենտի կողմից երկարաձգվել 30 օրացուցային օրով՝ այդ լիազորված մարմնի հիմնավորված և գրավոր շարադրված խնդրանքով:

Պատասխանատու դեպարտամենտը Հանձնաժողովում բացակայող փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների գրանցման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է համաձայնեցման ընթացակարգն սկսելու մասին որոշում և այդ մասին ծանուցում է լիազորված մարմիններին։

Բացակայող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետում կամ սույն կետի երրորդ պարբերությանը համապատասխան պատասխանատու դեպարտամենտի կողմից սահմանված ժամկետում լիազորված մարմնի կողմից չներկայացնելը հիմք է դիմումը մերժելու համար։ Այդ դեպքում պատասխանատու դեպարտամենտն այդ մասին ծանուցում է համաձայնեցման մասին դիմումն ուղարկած լիազորված մարմնին։

7. Համաձայնեցման մասին դիմումը կարող է հետ կանչվել այն ուղարկած լիազորված մարմնի կողմից՝ մինչև Հանձնաժողովի կոլեգիայի կողմից որոշում ընդունելը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։