Հոդված 19
Հոդված 19.
Շահագրգիռ անդամ պետությունների մասնակցությունը քննությանը
1. Մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններն իրավունք ունեն քննություն սկսելու մասին որոշումն ընդունելու օրվանից 15 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում Հանձնաժողով ներկայացնելու քննությանը որպես շահագրգիռ կողմ (այսուհետ՝ շահագրգիռ կողմ) մասնակցելու մտադրության մասին դիմում։
Շահագրգիռ կողմը քննության հետ կապված մեկնաբանությունները և տեղեկատվությունը Հանձնաժողով է ներկայացնում Հանձնաժողովում քննությանը մասնակցելու մտադրության մասին դիմումը գրանցելու օրվանից 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում։
Գաղտնի տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացնող շահագրգիռ կողմերը նաև ներկայացնում են այդպիսի տեղեկատվության ոչ գաղտնի տարբերակը։
Ոչ գաղտնի տարբերակը պետք է պարունակի գաղտնի տեղեկատվության էությունը հասկանալու համար անհրաժեշտ մանրամասն տեղեկություններ։
2. Պատասխանատու դեպարտամենտն իրավունք ունի շահագրգիռ կողմից պահանջելու քննությունն անցկացնելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն։ Շահագրգիռ կողմի կողմից նշված տեղեկատվության տրամադրման ժամկետը չի կարող գերազանցել դրա կողմից Հանձնաժողովի համապատասխան հարցումն ստանալու օրվանից 15 օրացուցային օրը։
Հարցումը համարվում է շահագրգիռ կողմի կողմից ստացված` հարցումը փոստային կապի միջոցով ուղարկելու օրվանից 7 օրացուցային օրը լրանալուց հետո:
Նշված ժամկետը լրանալուց հետո շահագրգիռ կողմի կողմից ներկայացված լրացուցիչ տեղեկատվությունը կարող է հաշվի չառնվել պատասխանատու դեպարտամենտի կողմից։
Շահագրգիռ կողմի՝ հիմնավորած և գրավոր շարադրած խնդրանքի հիման վրա՝ պատասխանատու դեպարտամենտը կարող է լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու ժամկետը երկարաձգել 30 օրացուցային օրով։
3. Քննության ընթացքում Հանձնաժողովը շահագրգիռ կողմերին հնարավորություն է ընձեռում իրենց հարցմամբ ծանոթանալու քննության առարկայի հետ կապված տեղեկատվությանը (բացառությամբ գաղտնի տեղեկատվության)։