Հոդված 30. Ներառում է կերակրափողի, ստամոքսի, աղիների, որովայնամզի, լյարդի, լեղապարկի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի հիվանդությունները և զարգացման անոմալիաները:
Հոդված 30. Ներառում է կերակրափողի, ստամոքսի, աղիների, որովայնամզի, լյարդի, լեղապարկի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի հիվանդությունները և զարգացման անոմալիաները:
«ա» կետին են վերաբերում ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունը՝ բարդացած պենետրացիայով կամ ստամոքսաելքի նեղացմանը հանգեցնող (վիրահատության վերաբերյալ ցուցումների բացակայության կամ դրանից հրաժարվելու դեպքում), ստամոքսի մասնահատման, աղեստամոքսային անաստամոզի հետևանքները՝ մարսողության ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով և սնուցման անկումով, լյարդի ցիռոզը, քրոնիկական, ակտիվ հեպատիտների և քրոնիկական պանկրեատիտների ծանր ձևերը՝ ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով, քրոնիկական, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտների և էնտերիտների ծանր ձևերը՝ մարսողության խիստ արտահայտված խանգարումով և սնուցման անկումով:
«բ» կետին են վերաբերում մարսողության չափավոր խանգարումով, սնուցման անկումով և հաճախակի, տևական սրացումներով (տարին երկու և ավելի անգամ) ուղեկցվող աղեստամոքսային համակարգի քրոնիկական հիվանդությունները՝ հեպատիտները, պանկրեատիտները, քարային և ոչ քարային խոլեցիստիտները, տարածուն էրոզիվ գաստրոդուոդենիտները՝ արտազատման, թթվագոյացման ֆունկցիաների զգալի խանգարմամբ, սնուցման անկումով և հաճախակի սրացումներով (տարին երկու և ավելի անգամ), որոնք պահանջում են կրկնակի և տևական հոսպիտալացում, քրոնիկական կրկնվող ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտները և էնտերիտները, խոցային էզոֆագիտները, քարային խոլեցիստիտները, եթե քարի չափը 0.6սմ-ից ավելի է, կամ եթե առկա են 0,4սմ-ից ավելի չափի 2 և ավելի քար, անգամ ֆունկցիայի աննշան խանգարմամբ:
Խոցային հիվանդության ախտորոշումը պետք է հաստատվի ստացիոնար պայմաններում, գործիքային հետազոտություններով: Գաստրոդուոդենալ ախտահարման ռենտգենաբանական հետազոտությունը կատարվում է հիվանդի ուղղահայաց և հորիզոնական դիրքով՝ բնական կոնտրաստով պիլորոդուոդենալ գոտու լիարժեք լցումով բազմառանցքային նշանոցային լուսանկարներ ստանալու համար (ռենտգեն ժապավենները ներկայացվում են փորձաքննական մարմնին):
Այս կետով են փորձաքննվում բուժմանը դժվար ենթարկվող ստամոքսի քրոնիկ խոցերը:
«բ» կետին են վերաբերում նաև տասներկումատնյա աղու կոճղեզի արտահայտված ձևախախտումները և հեպատոսպլենոմեգալիաները, երբ լյարդը մեծացած է 2սմ-ից ավելի և փայծաղը սահմանվածից մեծ է 1սմ և ավելի:
Եթե լյարդի չափերը նորմալ են, ապա փորձաքննությունը կատարվում է ըստ ֆունկցիաների խանգարման աստիճանի:
Անկախ ախտածնային հիվանդությունների առկայությունից` կայուն 2սմ-ից ավելի հեպատոմեգալիայով անձինք փորձաքննվում են «դ» կամ «բ» կետով` ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի:
Սպլենոմեգալիայի և հեպատոմեգալիայի ժամանակ անհրաժեշտ է փորձաքննվողին հետազոտել ինֆեկցիոն, արյան համակարգի, տուբերկուլյոզային, օնկոլոգիական, պարբերական հիվանդության, սիֆիլիսի և համակարգային հիվանդությունները ժխտելու նպատակով: Վերոհիշյալ խմբի հիվանդությունների հաստատման ժամանակ փորձաքննությունն իրականացվում է ըստ հիվանդությունների ցանկի համապատասխան հոդվածի:
Առանց կլինիկական նշանակության փայծաղի չափերի մեծացման ժամանակ որոշումը կայացվում է` նկատի ունենալով փայծաղի սահմանված անհատական նորման հետևյալ բանաձևով՝ փայծաղը = առողջ ձախ երիկամ + ձախ երիկամի 1/3 (սակայն ոչ ավելի, քան 16սմ):
Ախտածնային հիվանդությունների բացակայության պայմաններում, սպլենոմեգալիայի առկայության դեպքում (սահմանվածից` ավելի, քան 1սմ), զորակոչիկին տրվում է տարկետում մինչև մեկ տարի՝ «դ» կետով:
Չափավոր սպլենոմեգալիա (կայուն 16սմ և ավելի) ունեցող անձինք փորձաքննվում են «բ» կետով:
Բարորակ հիպերբիլիռուբինէմիայով անձինք, եթե նրանց արյան մեջ անուղղակի բիլիռուբինը մինչև 30 մկմոլ/լ է՝ փորձաքննվում են «գ» կետով։
«գ» կետին են վերաբերում որովայնի խոռոչի օրգանների սուր հիվանդությունների հետևանքները, լեղապարկի «համր» եզակի քարի առկայությունը, առանց լեղապարկի բորբոքման նշանների, ինչպես նաև դոլիխոսիգմայի առկայությունը, երբ աղիների դատարկումը տևում է մինչև 96 ժամ։ Այս կետով են փորձաքննվում նաև տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունը, այն դեպքում, երբ բուժման կուրսի ավարտից անցել է մեկ ամիս և ավելի և առկա է կլինիկալաբորատոր ռեմիսիա։
III, IV սյունակներով փորձաքննվողներին խոցային հիվանդության պատճառով ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական) տալու անհրաժեշտության մասին եզրակացություն է կայացվում այն դեպքերում, երբ աշխատունակության վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս:
«դ» կետին է վերաբերում ստամոքս-աղիքային համակարգի խոցերի առաջացումով սուր հիվանդությունները, որոնց բուժման կուրսի ավարտից չի անցել մեկ ամիսը: Բիլիռուբինեմիայի այն դեպքերում, երբ արյան մեջ անուղղակի բիլիռուբինը կայուն 40 մկմոլ/լ-ից ավելի է, զորակոչիկները փորձաքննվում են «դ» կետով, իսկ շարքային կազմի ժամկետային պարտադիր զինծառայողները փորձաքննվում են «բ» կետով։
Տասներկումատնյա աղու ոչ բարդ ախտանշաններով խոցերի դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է` ըստ հիմնական հիվանդության ծանրության ու ընթացքի: Բարդ խոցերի դեպքում` ըստ I սյունակի փորձաքննվողները զինծառայության համար ճանաչվում են «Ոչ պիտանի է զինվորական ծառայության համար», իսկ ըստ III սյունակի փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես:
I սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «ե» կետը, եթե արյան մեջ անուղղակի բիլիռուբինը կայուն 30-ից մինչև 40 մկմոլ/լ է։ Նույն կետով են փորձաքննվում նաև մոտոր-էվակուատոր ֆունկցիայի 96-ից մինչև 120 ժամ դանդաղման դեպքերը, եթե այն չի ուղեկցում ինտոքսիկացիայի երևույթներով։ Տվյալ դեպքում փորձաքննվողները ճանաչվում են «Սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար» (ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով)։
(30-րդ հոդվածը խմբ. 10.07.18 N 753-Ն)