Հոդված 23. Ներառում է շնչառական օրգանների, պլևրայի, ոսկրամկանային համակարգի, պերիֆերիկ ավշահանգույցների, որովայնի խոռոչի օրգանների, միզասեռային համակարգի, մաշկի և այլ օրգանների տուբերկուլոզը։
Հոդված 23. Ներառում է շնչառական օրգանների, պլևրայի, ոսկրամկանային համակարգի, պերիֆերիկ ավշահանգույցների, որովայնի խոռոչի օրգանների, միզասեռային համակարգի, մաշկի և այլ օրգանների տուբերկուլոզը։
Ախտորոշումը պետք է հաստատվի ախտահարված օրգանի բջջաբանական հետազոտությամբ, որովայնադիտումով (լապարասկոպիա) և այլ մեթոդներով: Բուժումը պետք է լինի համալիր, անընդհատ, տևական (առնվազն 6 ամիս):
«ա» կետին են վերաբերում տուբերկուլոզի բոլոր ակտիվ և մարող ձևերը, ուղեկցվող բացիլազատությամբ կամ առանց դրա, հաստատված ստացիոնար հետազոտությամբ և կլինիկալաբորատոր եղանակներով։
Այս կետին են վերաբերում նաև տուբերկուլոզի կապակցությամբ արմատական վիրահատությունների հետևանքները։
«ա» կետին են վերաբերում անցյալում տարած տուբերկուլոզի հետևանքները՝ ֆունկցիայի զգալի խանգարումով:
Հաջող հակամանրէային բուժումից հետո թոքերի կայուն մնացորդային ռենտգենաբանական փոփոխություններով III սյունակով փորձաքննվողները, դիսպանսեր հաշվառումից հանելուց 3 տարի անց կլինիկական դրսևորումների բացակայությամբ՝ փորձաքննվում են «բ» կետով։ Նույն կետով են փորձաքննվում նաև անցյալում տարած ողնաշարի, ոսկրերի ու հոդերի բուժված տուբերկուլյոզի դեպքերը, դրանց հետևանքները՝ ավելի քան 5 տարվա ակտիվության բացակայությամբ, խոշոր հոդերից մեկում ձևախեղող օստեոարթրոզի սկզբնական երևույթներով՝ առանց ցավային համախտանիշի, ինչպես նաև այլ օրգան-համակարգերի բուժված տուբերկուլյոզը՝ ֆունկցիայի աննշան խանգարումով։
Թոքերում կամ ներկրծքային ավշահանգույցներում ռենտգենաբանորեն հաստատված մինչև 3 փոքր պետրիֆիկատների առկայությունը (որոնցից յուրաքանչյուրի չափերը չեն գերազանցում 0,8սմ-ը) խոչընդոտ չէ զինվորական ծառայությանը, ՌՈՒՀ-եր ընդունվելուն: Սակայն անհրաժեշտ է ռենտգենաբանորեն հաստատված պետրիֆիկատների առկայության դեպքում (որը պետք է կատարվի մինչ զորակոչը) պարտադիր կատարել մանտուի փորձ, ըստ անհրաժեշտության՝ լրացուցիչ հետազոտություններ, և անհրաժեշտության դեպքում ներկայացնել փորձաքննող մարմնին տեղեկանք` զինակոչիկի և նրա հետ նույն բնակտարածքում բնակվող ընտանիքի անդամների վերաբերյալ (գտնվում են արդյո՞ք դիսպանսեր հսկողության մեջ, ստանում են կամ ստացել են արդյո՞ք ամբուլատոր կամ ստացիոնար բուժում):
Այն զորակոչիկները, ում ընտանիքներում (նույն բնակարանում) համապատասխան առողջապահական հաստատությունները հայտնաբերել են տուբերկուլյոզով տառապող հիվանդի, ստանում են տարկետում՝ 6 ամիս ժամկետով: Դեղորայքակայուն ձևերով հիվանդների հետ կոնտակտավորները ստանում են տարկետում` մեկ տարի ժամկետով (դիտարկման ավարտից հետո իրականացնել կրծքավանդակի օրգանների ԿՏ քննություն)։
Մանթուի գերդրական` 21մմ և ավելի կամ հիպերերգիկ ռեակցիայով ուղեկցվող զորակոչիկներին անհրաժեշտ է պարտադիր հետազոտել հակատուբերկուլոզային դիսպանսերում:
Տուբերկուլոզով վարակվածներին հատկացվում է տարկետում 6 ամիս ժամկետով` հսկողության նպատակով (դիտարկման ավարտից հետո իրականացնել կրծքավանդակի օրգանների ԿՏ քննություն)։
Մանթուի փորձը, թոքերի ռենտգեն հետազոտությունը, ինչպես նաև տարած տուբերկուլոզը ժխտող տեղեկանքը պարտադիր են նաև պայմանագրային ծառայության անցնողների համար:
Առանց մնացորդային երևույթների կամ մնացորդային երևույթներով լավացած տուբերկուլոզը պետք է հաստատված լինի համապատասխան բուժհիմնարկների կողմից` նախքան զորակոչվելը:
Ոսկրերի և հոդերի տուբերկուլոզային ախտահարման ժամանակ ախտորոշումը պետք է հաստատվի արտազատուկի, մսամոլման (գրանուլյացիայի), ախտահարված հոդի, սառը թարախակույտերի բջջաբանական ու հյուսվածքաբանական հետազոտություններով, տրեպանոբիոպսիայով, կենսաբանական փորձով և այլ մեթոդներով:
Ոսկրահոդային տուբերկուլոզ տարած III սյունակով փորձաքննվողների բժշկական և մասնագիտական վերականգնման նպատակով վերափորձաքննությունը կատարվում է «գ» կետով, բուժման կուրսի ավարտից 5 տարի հետո:
Ավշահանգույցների, թոքերի և միզատար ուղիների ակտիվ տուբերկուլոզ տարած III սյունակով փորձաքննությունն իրականացվում է «գ» կետով` տուբերկուլյոզային ստացիոնարի պայմաններում ամբողջական հետազոտումից հետո` առանց ֆունկցիայի խանգարման և պրոցեսի ակտիվության, դիսպանսեր հաշվառումից հանելուց հետո, ոչ շուտ, քան 3 տարի անց:
Ստացիոնար բուժում ստացած I սյունակով փորձաքննվողները կարող են ճանաչվել «Սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար»` «գ» կետի համաձայն, ստացիոնար պայմաններում ամբողջական հետազոտությունից հետո, եթե բուժման ընդհանուր կուրսի ավարտից անցել է 5 տարի և ավելի, չկան կայուն մնացորդային երևույթներ, մանթուի փորձը փոքր է 21մմ-ից: