Հոդված 31. Երիկամների հիվանդություններ ունեցող անձանց փորձաքննությունը կատարվում է միայն ստացիոնար հետազոտումից ու բուժումից հետո:
Հոդված 31. Երիկամների հիվանդություններ ունեցող անձանց փորձաքննությունը կատարվում է միայն ստացիոնար հետազոտումից ու բուժումից հետո:
«ա» կետին են վերաբերում երիկամների այն հիվանդությունները, որոնք բարդացած են երկրորդ և երրորդ աստիճանի երիկամային քրոնիկական անբավարարությամբ:
Առաջին աստիճանի երիկամային քրոնիկական անբավարարությամբ (կամ առանց դրա) երիկամների քրոնիկական հիվանդությունների դեպքում փորձաքննությունը կատարվում է ըստ «բ» կետի:
Երիկամային քրոնիկական անբավարարության առաջին փուլը բնորոշվում է ազոտային փոխանակության նորմալ ցուցանիշներով կամ արյան մեջ մնացորդային ազոտի անցողիկ բարձրացումով մինչև 0,62գ/լ, արյան պլազմայում կրեատենինի՝ մինչև 176,8մկմոլ/լ բարձրացումով, կծիկային զտման անհրաժեշտ ծավալի 50% (և բարձր) չափով, մեզի՝ 1018-ից ոչ ավելի հարաբերական խտության տատանումով:
Երիկամային քրոնիկական անբավարարության երկրորդ (ազոտեմիական) փուլը բնորոշվում է ազոտեմիայով` 0,6-0,9գ/լ, կրեատենինեմիայով՝ 176,9-884 մկմոլ/լ և կծիկային զտման անհրաժեշտ ծավալի՝ 49-20 տոկոսի չափով, մեզի՝ 1011-1017 հարաբերական խտության տատանումներով:
Երիկամային քրոնիկական անբավարարության երրորդ փուլը բնորոշվում է 1,0գ/լ-ը գերազանցող ազոտեմիայով, 884մկմոլ/լ-ը գերազանցող կրեատենինեմիայով, 20-10 տոկոսից ցածր կծիկային զտման մակարդակով և կայուն իզոստենուրիայով (մեզի հարաբերական խտության տատանումները՝ 1005-1010):
Սպաների, ենթասպաների և պայմանագրային շարքայինների համար սուր պիելոնեֆրիտի, թունավոր կամ օջախային նեֆրիտի բարենպաստ ընթացքի դեպքում եզրակացություն է կայացվում ՝ ծառայողական պարտականություններից ազատելու և պարտադիր բժշկական հսկողություն ապահովելու անհրաժեշտության մասին: Սուր գլոմերուլոնեֆրիտով հիվանդացած զինծառայողները, մեզի մեջ կայուն ախտաբանական փոփոխությունների առկայության դեպքում, որոնք պահպանվում են երիկամների սուր հիվանդությունից հետո 2 և ավելի ամիսների ընթացքում, անկախ երիկամների ֆունկցիայի խանգարման աստիճանից, ըստ «բ» կետի ճանաչվում են «Ոչ պիտանի է զինվորական ծառայության համար»: Զորակոչիկները նույն կետով ճանաչվում են ժամանակավորապես ոչ պիտանի: Երիկամների սուր հիվանդություններով հիվանդացած ժամկետային պարտադիր ծառայության շարքային կազմի զինծառայողները փորձաքննվում են «բ» կետով նաև այն դեպքում, եթե նրանց մոտ միզային փոփոխությունները պահպանվում են երեք և ավելի ամիսներ:
Սուր երիկամային անբավարարությամբ կամ առանց դրա ընթացող սուր նեֆրիտի ծանր ձևեր տարած` անկախ միզային համախտանիշի պահպանման աստիճանից, I սյունակով փորձաքննվող ժամկետային զինծառայողները «բ» կետով ճանաչվում են «Ոչ պիտանի է զինվորական ծառայության համար»:
Նախկինում սուր գլոմերուլոնեֆրիտ կամ սուր երիկամային անբավարարություն տարած զինակոչիկները «դ» կետի կիրառումով կարող են ճանաչվել «Սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար» հիվանդության ապաքինումից որոշակի ժամանակ անց, եթե չկան կլինիկալաբորատոր շեղումներ.
1) սուր նեֆրիտի թեթև և միջին ծանրության ձևեր տարածները` ապաքինվելուց 3 տարի անց,
2) սուր նեֆրիտի ծանր (բարդություններով) ձևեր տարածները` ապաքինվելուց 5 տարի անց,
3) սուր երիկամային անբավարարություն տարածները` ապաքինվելուց 5 տարի անց:
Սուր երիկամային անբավարարություն տարած այն I սյունակով փորձաքննվողները, ում բուժման համար կիրառվել է հեմոդիալիզի առնվազն մեկ սեանս, անկախ ապաքինման վաղեմությունից և աստիճանից, փորձաքննվում են «բ» կետով:
Սուր ոչ օբստրուկտիվ պիելոնեֆրիտ տարած զինակոչիկները, ում մոտ վերջին 3 ամսվա ընթացքում չեն գրանցվել միզային փոփոխություններ, «դ» կետի կիրառմամբ ճանաչվում են «Պիտանի է զինվորական ծառայության համար»: Պիելոնեֆրիտի հաճախակի (տարին 3 և ավելի անգամ) սրացումներով, ոչ կայուն ռեմիսիայով, I և II սյունակներով փորձաքննվողները, ճանաչվում են «Ոչ պիտանի է զինվորական ծառայության համար»՝ «բ» կետով: Սրացումները պետք է ուղեկցվեն ջերմության բարձրացմամբ, կայուն միզային համախտանիշով, սոնոգրաֆիկ բնորոշ փոփոխություններով:
Ժամկետային պարտադիր ծառայության շարքային կազմի զինծառայողները, ում մոտ սուր պիելոնեֆրիտով հիվանդանալուց 3 և ավելի ամիսներ հետո պահպանվում են պիելոնեֆրիտին բնորոշ կլինիկալաբորատոր և գործիքային փոփոխությունները, «բ» կետով ճանաչվում են «Ոչ պիտանի է զինվորական ծառայության համար»: Սուր պիելոնեֆրիտի բարենպաստ ընթացքի դեպքում փորձաքննությունն իրականացվում է «դ» կետով:
Առանց կլինիկական դրսևորումների մեզում ախտաբանական շեղումների առկայության դեպքում պետք է ժխտել երիկամների թաքնված հիվանդությունները` լատենտ պիելոնեֆրիտը կամ գլոմերուլոնեֆրիտը, երիկամների կամ միզուղիների տուբերկուլյոզը, ինչպես նաև օրգանական և ֆիզիոլոգիական պատճառները: Վերջին 2 ամսում կատարված քննություններով միզային համախտանիշի բացակայության դեպքում փորձաքննությունն իրականացվում է «դ» կետով։
Երիկամաքարային հիվանդության, երիկամների և միզուղիների տուբերկուլյոզի, այլ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև վնասվածքների ու վիրահատության հետևանքով առաջացած երիկամների ախտահարումների համախտանիշների դեպքում փորձաքննությունն իրականացվում է սույն Կարգի համապատասխան հոդվածներով: