Անցնել բովանդակությանը

Հոդված 38. Ներառում է ոսկրերի աճառների, մկանների, ջլերի ու հոդերի բնածին արատները, վնասվածքների հետևանքները, քրոնիկական հիվանդությունները: Նշված փոփոխությունների և արատների դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ հենաշարժական ապարատի անատոմիական և ֆունկցիոնալ խանգարումների արտահայտվածության աստիճանի:

գործել է մինչև 2023-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 38. Ներառում է ոսկրերի աճառների, մկանների, ջլերի ու հոդերի բնածին արատները, վնասվածքների հետևանքները, քրոնիկական հիվանդությունները: Նշված փոփոխությունների և արատների դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ հենաշարժական ապարատի անատոմիական և ֆունկցիոնալ խանգարումների արտահայտվածության աստիճանի:

«ա» կետին են վերաբերում խոշոր հոդի անկիլոզը, շարժումների զգալի սահմանափակումը կամ ախտաբանական անշարժությունը, որոնք զարգացել են հիվանդության կամ վնասվածքի հետևանքով:

III սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է «բ» կետի համաձայն, երբ խոշոր հոդերի շարժումների սահմանափակման ու անկիլոզի դեպքում առկա է ֆունկցիոնալ փոխհատուցում:

«բ» կետին են վերաբերում դիստրոֆիկ պրոցեսով ավարտված օստեոխոնդրոպաթիաները, ոսկրերի տարած օստեոմիելիտները, որոնք հիմնավորված և հաստատված են համապատասխան փաստաթղթերով, երբ առկա են մնացորդային երևույթներ կամ ոսկրային հյուսվածքի փոփոխություն` անկախ տարած սրացումների քանակից, հաճախությունից և ժամկետից, ինչպես նաև չավարտված պրոցեսով օստեոխոնդրոպաթիաները:

«գ» կետին են վերաբերում քրոնիկ հիվանդությունները` երկարատև մեկ և ավելի տարի ռեմիսիայի դեպքում, ավարտված օստեոմիելիտները (ավարտված են համարվում այն օստեոմիելիտները, որոնք չունեն մնացորդային երևույթներ կամ ոսկրային հյուսվածքի փոփոխություններ):

«դ» կետի համաձայն` զորակոչիկներին տրվում է տարկետում, իսկ զինծառայողներին՝ ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական): Զինվորական ծառայության համար պիտանիության մասին եզրակացություն է կայացվում բուժման ավարտից հետո` ըստ ֆունկցիայի խանգարման:

«ե» կետի դեպքում առկա են օբյեկտիվ տվյալներ, սակայն բացակայում է վերջույթի ֆունկցիայի խանգարումը:

Խոշոր հոդում խոնդրոմատոզի առկայությունը հիմք է վիրահատական բուժման համար, հատկապես, երբ «ներհոդային մկնիկը» զարգացել է հոդի պաշարման համախտանիշի առաջացումից հետո: Զինվորական ծառայության համար պիտանիության մասին եզրակացություն է կայացվում վիրահատությունից հետո` կախված վիրահատության ելքից և փորձաքննության պահին հոդի ֆունկցիայից: Օսգուտ-Շլյատերի հիվանդությունը, որն ընթանում է առանց ոտքի ֆունկցիայի խանգարման, խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար:

Ոսկրերի ու հոդերի հիվանդությունների դեպքում զինվորական ծառայության պիտանիության մասին եզրակացությունը, որպես կանոն, ընդունվում է ստացիոնար հետազոտությունից և բուժումից հետո: Ընդսմին, պետք է նկատի ունենալ սրացումների նկատմամբ հիվանդության հակումը, ապաքինման կայունությունը և զինվորական ծառայության առանձնահատկությունները:

«Ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական)»՝ ըստ «դ» կետի, եզրակացություն է կայացվում նաև ոսկրերի ու հոդերի վիրահատությունից հետո, հենաշարժական ապարատի շարժումների ժամանակավոր սահմանափակման դեպքում, ջլերի պլաստիկ վիրահատությունից կամ տենոլիզից (մատների, դաստակի և ներբանի) հետո, երկար խողովակաձև և այլ ոսկրերի կոտրվածքներից հետո` չամրապնդված ոսկրային կոշտուկների դեպքում:

Երկար խողովակավոր ոսկրերի կեղծ հոդերի առկայության դեպքում առաջարկվում է բուժում: Զինվորական ծառայության համար պիտանիության մասին եզրակացություն է կայացվում բուժման ավարտից հետո` կախված դրա արդյունքներից: Վիրահատությունից հրաժարվելու կամ բուժման անբավարար արդյունքների դեպքում կիրառվում է «ա» կամ «բ» կետը:

Երկար, խողովակաձև ոսկրերի թարմ կոտրվածքներից հետո զինվորական ծառայության համար պիտանիության մասին եզրակացություն է կայացվում բուժման ավարտից հետո: Մանր ոսկրերի հոդախախտումների, անրակի կամ կողոսկրերի կոտրվածքների դեպքում (առանց ներքին օրգանների վնասման) բուժումից հետո եզրակացություն է կայացվում «ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական)»:

Ներբանի կամ ձեռքի ու ոտքի մատների վնասվածքների, ինչպես նաև կոճերի կոտրվածքների հետևանքների առկայության դեպքում` I սյունակով փորձաքննվողներին հիվանդության պատճառով արձակուրդ չի տրվում, որովհետև հաճախ վնասված վերջույթը հանգիստ պահելու պատճառով կարող է առաջանալ շարժունակության սահմանափակում: Նման դեպքերում ստացիոնար բուժումն ավարտելուց հետո եզրակացություն է կայացվում «ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական)»:

Երկար, խողովակաձև ոսկրերի կոտրվածքների բուժումից հետո, եթե մնացել է մետաղական կոնստրուկցիա, զորակոչիկին տրվում է տարկետում` կոնստրուկցիան հեռացնելու նպատակով, այնուհետև պիտանիությունը որոշվում է ըստ վերջույթի ֆունկցիայի: Մետաղական կոնստրուկցիան չհեռացնելու դեպքում որոշում է ընդունվում նկատի առնելով կոնստրուկցիայի շրջանում ոսկրային հյուսվածքի վիճակը և վերջույթի ֆունկցիան: Զինծառայողների երկար, խողովակաձև ոսկրերի կոտրվածքների հետևանքների բուժման անբավարար արդյունքների դեպքում հիվանդության պատճառով տրվում է արձակուրդ, այնուհետև զինվորական ծառայության համար պիտանիության հարցը որոշվում է ըստ «ա», «բ» կամ «գ» կետի:

Պլանային վիրահատության ցուցումը խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար:

Փոքր չափերի մետաղական կոնստրուկցիաների և պտուտակների առկայությունը սերտաճած կոտրվածքի պայմաններում, եթե զորակոչիկը հրաժարվում է դրանց հեռացումից, ապա եզրակացություն է կայացվում ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի: Մետաղական կոնստրուկցիայի հեռացման ցանկության դեպքում տրամադրվում է տարկետում` մինչև 1 տարի ժամկետով, պիտանիությունը որոշվում է բուժումից հետո` ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի:

Մանր ոսկրերի ստացիոնար բուժում չպահանջող, ոչ բարդ, փակ կոտրվածքների դեպքում III սյունակով փորձաքննվորղները կարող են բժշկական հետազոտման ենթարկվել ամբուլատոր պայմաններում, այնուհետև եզրակացություն է կայացվում հիվանդության պատճառով արձակուրդ տրամադրելու կամ ծառայողական պարտականություններից ազատելու մասին: Երկար, խողովակաձև կամ այլ ոսկրերի ոչ բարդ, փակ կոտրվածքների դեպքում, երբ դրանք անշարժացնում են միայն գիպսով, ոսկրային կոշտուկի նշանների երևան գալուց հետո, ըստ III սյունակի փորձաքննվողներն անհրաժեշտության դեպքում կարող են դուրս գրվել բուժհիմնարկից և, մինչև գիպսը հանելը ստանալ ամբուլատոր բուժում: Միաժամանակ եզրակացություն է կայացվում հիվանդության պատճառով նրանց արձակուրդ տրամադրելու կամ ծառայողական պարտականություններից ազատելու մասին: Հոդերի շարժման ծավալի սահմանափակումը գնահատելիս պետք է առաջնորդվել 4-րդ աղյուսակի ցուցանիշներով:

Հոդախախտումներից և կոտրվածքներից հետո` շարժումների սահմանափակման երևույթների առկայության դեպքում զորակոչիկներին բուժման համար տրվում է տարկետում: Վերին վերջույթի ոսկրերի աննշան անկյունային ձևափոխումը (ֆունկցիայի պահպանումով) խոչընդոտ չէ զինվորական ծառայությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։