Հոդված 19. ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼԸ ՊԱՐՏԱՏԻՐՈՋ (ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ) ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
Հոդված 19. ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼԸ ՊԱՐՏԱՏԻՐՈՋ (ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ) ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
1. Դատավորը պարտապանին սնանկ ճանաչելու մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը պարտապանին է ուղարկում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցելով հայցադիմումի պատճենը:
Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա ութերորդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին:
2. Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը վիճարկում է իր սնանկությունը` այդ մասին գրավոր առարկություններ ներկայացնելով դատավորին, ապա դատավորն առարկություններն ստանալու պահից 10 օրվա ընթացքում հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցվում են հայցադիմում ներկայացրած անձը (անձինք) և պարտապանը:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Դատավորը ներկայացված ապացույցներով նույն օրը վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու կամ հայցը մերժելու մասին:
3. Եթե սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերանում են հայցադիմումը դատարան ներկայացնելուց հետո, ապա հայցը մերժելու մասին վճռով դատավորը պարտավորեցնում է պարտապանին` փոխհատուցել դատական ծախսերը:
4. Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում` դրա կայացման, իսկ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերում` դատական նիստում հրապարակման պահից 15 օր հետո: