Հոդված 40. ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հոդված 40. ԽՈՐՀՈՒՐԴԸ
1. Խորհուրդը ներկայացնում է պարտատերերի շահերը և սույն օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում կառավարչի գործունեության նկատմամբ: Հաստատված պահանջներով պարտատերերի թիվը 10-ից պակաս լինելու դեպքում պարտատերերի խորհուրդ չի ձևավորվում: Նման դեպքում, ինչպես նաև այլ պատճառներով խորհրդի չձևավորման դեպքերում խորհրդի լիազորություններն իրականացնում է պարտատերերի ժողովը:
2. Պարտատերերի խորհուրդը ձևավորվում է պարտատերերի առաջին ժողովում: Խորհրդի կազմում ընդգրկվում են առավել խոշոր հինգ չապահովված պահանջներ ունեցող պարտատերերը` հաստատված պահանջների մեծությանը համապատասխան, անկախ պարտատերերի ժողովում քվեարկության իրավունք տվող ձայն ունենալու հանգամանքից:
3. Խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցող չապահովված պարտատերերի քանակը հինգից պակաս լինելու դեպքում հաջորդ առավել խոշոր չապահովված պահանջ ունեցող պարտատերերը (պարտապանը) ընդգրկվում են խորհրդի կազմում:
4. Խորհուրդն իրավունք ունի`
ա) կառավարչից պահանջել տեղեկություններ պարտապանի ֆինանսական վիճակի և սնանկության գործընթացի մասին.
բ) օրենքով նախատեսված դեպքերում բողոքարկել կառավարչի գործողությունները.
գ) իրականացնել սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
5. Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայն: Խորհրդի անդամի ձայնի փոխանցումն այլ անձի չի թույլատրվում:
6. Խորհրդի որոշումներն ընդունված են համարվում, եթե որոշման օգտին քվեարկել է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Խորհրդի կողմից հարցեր քննարկելու և որոշումներ ընդունելու կարգը որոշվում է խորհրդի ընդունած կանոնակարգով: Խորհրդի որոշումներն ստորագրում են որոշման օգտին քվեարկած խորհրդի անդամները:
7. Խորհրդի նիստերը նախագահում է կառավարիչը` առանց քվեարկության ձայնի իրավունքի:
8. Կառավարիչն ու պարտատերերն իրավունք ունեն եռօրյա ժամկետում դատավորին բողոքարկել սույն օրենքի, իրավական այլ ակտերի պահանջների խախտմամբ ընդունված խորհրդի որոշումը: Դատավորն իրավունք ունի անվավեր ճանաչել խորհրդի որոշումը, եթե խախտվել են օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված դիմողի իրավունքները: Հակառակ դեպքում դատավորը դիմումը մերժում է:
Դատավորը բողոքը քննում է եռօրյա ժամկետում: Դատավորն իրավունք ունի ուժի մեջ թողնել ժողովի որոշումը, եթե այդ պարտատիրոջ քվեարկության մասնակցելը չէր կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, և թույլ տված խախտումներն էական չեն: