Հոդված 31. ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 31. ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը`
ա) դատավորի պահանջով, իր նախաձեռնությամբ կամ պարտապանի նկատմամբ առկա պահանջների 5 տոկոսից ավելի ունեցող պարտատերերի պահանջով հրավիրում է պարտատերերի ժողով և նախագահում է այն.
բ) սնանկության գործով դիմում է դատավորին` սույն օրենքով նախատեսված դեպքերում.
գ) դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որտեղ վերջինս հանդես է եկել որպես հայցվոր կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից.
դ) դատավորի որոշմամբ իր լիազորությունների կատարումը պատշաճ ապահովելու նպատակով ներգրավում է համապատասխան մասնագիտացված կազմակերպություններ կամ մասնագետներ և նրանց վարձատրում է պարտապանի հաշվին.
ե) կազմակերպում է գույքագրում և միջոցներ է ձեռնարկում պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար.
զ) վերլուծում է պարտապանի ֆինանսական վիճակը, սնանկության պատճառները, ինչպես նաև պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեությունը և նրա դրությունն ապրանքային շուկայում.
է) վարում է պարտատերերի պահանջների գրանցամատյանը.
ը) ստուգում է պարտապանին ներկայացվող պահանջների հիմնավորվածությունը.
թ) հիմնական կապիտալի մեծությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին հինգ առևտրային բանկերից մեկում բացում է սնանկության հատուկ հաշիվ և դրան է հաշվեգրում պարտապանի անունով ստացվող բոլոր դրամական միջոցները.
ժ) դատավորի որոշման հիման վրա արգելանք է դնում պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա.
ժա) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
2. Սույն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումներով, դիմումներով, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներով կառավարիչն ազատվում է պետական տուրքի վճարումներից:
3. Սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է իր անունից և իր պատասխանատվությամբ:
4. Յուրաքանչյուր կառավարիչ ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք, որի վրա արձանագրվում են նրա անունը, ազգանունը և լիցենզիայի համարը: