Հոդված 6. ՊԱՐՏԱՏԻՐՈՋ ԿԱՄ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ` ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 6. ՊԱՐՏԱՏԻՐՈՋ ԿԱՄ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ` ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայաստանի Հանրապետության և համայնքի բյուջեների նկատմամբ դրամային պարտավորություններով (այդ թվում` հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարումների գծով) համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են պարտապանին սնանկ ճանաչելու հայցադիմումով դիմել դատարան հետևյալ դեպքերում`
ա) հարկային պետական ծառայության մարմինները` հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարումների գծով վճարումն ուշացնելու դեպքում` հարկերի վճարման համար սահմանված ժամկետին կամ հարկային պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում.
բ) հարկային մարմինները` պարտադիր սոցիալական վճարների վճարումն ուշացնելու դեպքում` պարտադիր սոցիալական վճարի վճարման համար սահմանված ժամկետին կամ պարտադիր սոցիալական վճարների պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում.
գ) համայնքի ղեկավարը` տուրքերի կամ պարտադիր վճարումների, ինչպես նաև համայնքի այլ դրամային պահանջներով պարտավորությունների կատարումն ուշացնելու դեպքում` այդ վճարների վճարման համար սահմանված ժամկետին կամ նման վճարային պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում.
դ) այլ իրավասու պետական մարմինները` մյուս դրամային պարտավորություններով` տվյալ պարտավորությունների կատարումն ուշացնելու դեպքում` այդ վճարների վճարման համար սահմանված ժամկետին հաջորդող 6 ամսվա ընթացքում:
2. Եթե գույքի բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում պարզվել է, որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մեկ կամ մի քանի կատարողական վարույթներով պարտատիրոջ (պարտատերերի) պահանջը բավարարելու դեպքում գույքի անբավարարության հետևանքով անհնարին է դառնում այլ կատարողական վարույթներով պարտատերերի հանդեպ պարտավորությունների կատարումը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է պարտապանին սնանկ ճանաչելու հայցադիմումով դիմել դատարան, անկախ նրանից` այդ բոլոր կատարողական վարույթները գտնվում են նույն հարկադիր կատարողի մոտ, թե ոչ:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված պետական մարմինների կողմից սահմանված ժամկետում սնանկության հայցադիմում չներկայացնելու դեպքում դրանք ներկայացնում են դատախազության մարմինները` Հայաստանի Հանրապետության դատախազության մասին օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով:
4. Սույն հոդվածով նախատեսված պետական մարմինները և պաշտոնատար անձինք կարող են հրաժարվել հայցից միայն այն դեպքում, երբ պարտավորության կատարման հետևանքով դրա չափը նվազել է սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված չափից:
(6-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-189-Ն)